ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտաշխատողներին

15.11.2013

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ղեկավարներին վկայագրերի հանձնման արարողությունը:

ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, մրցույթում հաղթելու կապակցությամբ շնորհավորելով երիտասարդ գիտաշխատողներին, ներկայացրեց գիտության «երիտասարդացմանն» ուղղված կոմիտեի միջոցառումները. միջազգային գիտաժողովներին մասնակցելու հրավեր ունեցող երիտասարդները կարող են դիմել ֆինանսական օժանդակություն ստանալու համար, գիտական եւ գիտատեխնիկակական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթին մասնակցող խմբերում պարտադիր պետք է ընդգրկված լինի մինչեւ 35 տարեկան գիտաշխատող եւ այլն: Ս. Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ մոտ օրերս կհայտարարվի գիտական հետազոտությունների ֆինանսավորման նոր մրցույթ ասպիրանտների եւ հայցորդների համար:

Պատասխան խոսքում երիտասարդներն ընդգծեցին պետության կողմից ուշադրության եւ նման միջոցառումների շարունակականության կարեւորությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում, գիտության բոլոր բնագավառներում 2013 թվականի հուլիսի 30-ին հայտարարել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2013» մրցույթ:

Մրցույթի արդյունքում դրամաշնորհները տրամադրվել են գիտական հետազոտությամբ զբաղվող 2-3 անձից բաղկացած երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) գիտաշխատողների խմբերի: Դրամաշնորհները տրամադրվելու են 1 կամ 2 տարի տեւողությամբ՝ յուրաքանչյուր դրամաշնորհի համար 9 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ:


Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 51 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվել է հայտի գիտական եւ գիտատեխնիկական նորույթը եւ արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը եւ ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը եւ գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:

Գիտական փորձաքննության հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը:

Վարկանիշային ցանկի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 31 թեմա. 30 ծրագիր ֆինանսավորվելու է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջոցով, 1 ծրագիր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում: Ընդ որում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը դրամաշնորհը տրամադրում է իր հայեցողությամբ՝ թեման ընտրելով մրցույթի վարկանիշային ցանկի շեմային պայմանը հաղթահարած ցանկից:

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին