ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Խորհրդակցություն գիտության առեւտրայնացման վերաբերյալ

12.11.2008

Նոյեմբերի 12-ին ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունում տեղի ունեցավ խորհրդակցություն գիտության առեւտրայնացման, գիտության բնագավառում առկա խնդիրների եւ այս ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարության վերաբերյալ։


Հանդիպման առիթը կառավարությունում ընթացող քննարկումներն էին գիտություն-արտադրություն, գիտություն-տնտեսություն համագործակցության վերաբերյալ։


Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԳ(գ)Մ նախագահ Արսեն Ղազարյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ թեեւ տարիներ շարունակ քննարկվում է գիտության առեւտրայնացման, գիտական հայտնագործությունների՝ արտադրության մեջ օգտագործման խնդիրը, իրավիճակը դեռեւս անփոփոխ է։


ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդես եկավ զեկույցով: Նա ներկայացրեց գիտության բնագավառում ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը եւ գիտության կոմիտեի ստեղծման նպատակները։ 


Իր զեկույցում կոմիտեի նախագահը ներկայացրեց վերջին  ամիսներին կոմիտեի կողմից անցկացված գիտական հիմնարկների անձնագրավորման արդյունքում ստացված թվային տվյալներ Հայաստանում գրանցված գիտնականների, նրանց միջին տարիքի, հրատարակվող գիտական աշխատանքների, ստացվող դրամաշնորհների վերաբերյալ:


Գիտության կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, իրենց գործունեության մեջ համակարգային մի շարք բարեփոխումներ են սպասվում, լուրջ ուշադրություն կդարձվի նաեւ գիտական արդյունքների առեւտրայնացման խնդրին։ Կոմիտեի մոտակա ծրագրերում նախատեսվում է առաջիկա 10 տարիների համար գիտության զարգացման ռազմավարության ընդունում։


Խորհրդակցության ժամանակ փոխանակվեցին նաեւ կարծիքներ։ Երկշաբաթյա ժամանակահատվածում ՀԱԳ(գ)Մ-ն ՀՀ վարչապետին է ներկայացնելու տեսակետների եւ առաջարկված ծրագրերի փաթեթը։

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին