Տեղի է ունեցել Արևելյան գործընկերության հետազոտությունների և նորարարության հարցերով ոչ պաշտոնական աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը
Ս.թ. մայիսի 22-ից 25-ը Քիշնևում (Մոլդովայի Հանրապետություն) Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության հրավերով ՀՀ գիտության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) հետազոտությունների և նորարարության հարցերով ոչ պաշտոնական աշխատանքային խմբի 5-րդ հանդիպմանը:
Հանդիպմանը քննարկվել են հետազոտությունների և նորարարության ոլորտներում Արևելյան գործընկերության շրջանակում միջազգային համագործակցության զարգացման հեռանկարները, գործընկերության անդամ երկրներում առկա մարտահրավերներն ու իրականացվող միջոցառումները, Եվրոպական հետազոտական տարածքում միջազգային համագործակցության արժեքներն ու սկզբունքները և ընթացիկ այլ հարցեր:
Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության ներկայացուցիչների հետ մեր պատվիրակությունը քննարկել է Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ինտեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարության հարցերով տնօրենության կողմից հնարավոր աջակցության հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության ակտիվացմանն ուղղված ծրագրերը քննարկել 2023 թվականի դեկտեմբերին Երևանում կայանալիք Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ – Հայաստան համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում Մոլդովայի հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության ներկայացուցչի հետ քննարկվել են ԱլԳ շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել առարկայական քննարկումները մոլդովական կողմից փոխանցված համաձայնագրի նախագծի դրույթների շուրջ: