Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ ուսանողներ, մանկավարժներ, գիտնականներ, գիտաշխատողներ և գիտական ոլորտի աշխատողներ:
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:
Կրթությունն ու գիտելիքը ամենաառանցքային ու կայուն, մշտապես բազմապատկվելու և հավելյալ արժեք ստեղծելու ներուժ ունեցող արժեքներից են ինչպես յուրաքանչյուր անհատի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարօրության և մեր պետականության հզորացման և կայուն առաջընթացի համար: Գիտելիքն ու տեխնոլոգիաները այն սակավաթիվ ռեսուրսներից են, որոնց ձեռքբերումը և փոխանցումը հաջորդ սերնդին միմիայն ավելացնում է դրանց օգտավետությունը հանրության համար:
Ժամանակակից աշխարհում առկա մարտահրավերները հաղթահարելու և մրցունակ լինելու ամենաարդյունավետ միջոցներից են նոր ու արդիական գիտելիքը, այդ գիտելիքի արդյունավետ կիրառումը հասարակության անվտանգության և առաջընթացի համար, և որ ամենակարերևորն է՝ յուրաքանչյուր հասարակության ամենաթանկարժեք ռեսուրս և շարժիչ ուժ հանդիսացող բանիմաց և ստեղծարար անհատների ձևավորումը:
Ուստի, Բարձրագույն կրթության և գիտության գիտության կոմիտեի ողջ անձնակազմի անունից հատուկ շնորհավորանք եմ ուղղում թե՛ գիտելիք ստեղծող, թե՛ գիտելիքը մյուսներին փոխանցող, թե՛ գիտելիք ստացող բոլոր անձանց՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական և աշխատանքային տարի, ինչպես նաև նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ գիտական ու կրթական ոլորտներում։