ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-եգիպտական հուշագիր գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին

02.02.2023

Հունվարի 29-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է երկու կողմերի միջև համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, գիտնականների, հետազոտողների և տեխնիկական փորձագետների փոխանակում, գիտական հանդիպումների, գիտաժողովների, դասընթացների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում ու մասնակցություն և փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության այլ ձևեր:

Հուշագրով նախատեսվում է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը հայ-եգիպտական հետազոտական նախագծերի իրականացման համար կմշակի համապատասխան մեխանիզմներ և գործառնական ծրագրեր:

Հուշագիրն ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին՝ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած՝ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ ստորագրվել է նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» հուշագիր:

Երկու հուշագրերի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-եգիպտական առկա համագործակցության մասին մանրամասները՝ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հարցազրույցից: