Վախճանվել է Ալբերտ Ավետիսյանը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2021 թ. մարտի 31-ին կյանքից հեռացել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) վաստակաշատ գիտնական, իզոտոպների հետազոտման և արտադրության բաժնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ալբերտ Էդուարդի Ավետիսյանը:
Ալբերտ Ավետիսյանի գիտական գործունեությունը կապված է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ, որտեղ նրա ուսումնասիրությունների հիմնական ուղղություններն են եղել բարձր էներգիայի էլեկտրոնների՝ բյուրեղների հետ փոխազդեցության խնդիրները, տարրական մասնիկների ներքին կառուցվածքի ուսումնասիրումը, գերբարձր (180 ԳէՎ) էներգիայի էլեկտրոնների ճառագայթումը (կանալացում, կոհերենտ արգեկալային) և այլն: Նրա անմիջական ղեկավարությամբ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում ստեղծվել է իզոտոպների ուսումնասիրության և արտադրության գիտա-փորձարական բազա՝ Երևան քաղաքի բժշկական կլինիկաներին ռադիոնուկլիդներով ապահովելու համար: Այսօր մեծ թափով առաջ են ընթանում արագացուցչային մեթոդներով 99mTc, 64Cu, 67Ga և 68Ga իզոտոպների ստացման տեխնոլոգիաների ստեղծման և զարգացմանն ուղղված աշխատանքները:
Ալբերտ Ավետիսյանը հաջողությամբ մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտական նախագծերի: Նա նաև երկար տարիներ իր հարուստ փորձն է հաղորդել երիտասարդներին՝ դասավանդելով ԵՊՀ-ում և ԱԱԳԼ մագիստրատուրայում: Հեղինակ էր ավելի քան 130 գիտական հոդվածների:
ՀՀ գիտության կոմիտեն ցավակցում է Ալբերտ Ավետիսյանի հարազատներին և գործընկերներին:
Ալբերտ Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 18:00-ին, ԷԼԿՈ սգո սրահում: (Հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց): Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 14.00-ին, նույն վայրից: