ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ազդարարվել է Գիտության շաբաթ նախաձեռնության մեկնարկը

02.10.2024

Հոկտեմբերի 1-ին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկեց Գիտության շաբաթը՝ գիտահետազոտական կազմակերպությունների, բուհերի, կրթական և տեխնոլոգիական համայնքի կազմակերպությունների ու ընկերությունների մասնակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ շրջելով գիտական կազմակերպությունների տաղավարներով և ծանոթանալով նրանց գործունեությունը ներկայացնող ցուցադրություններին:

Գիտության շաբաթը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ: Հոկտեմբերի 1-6-ն անցկացվելիք «Գիտության շաբաթ» ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք բազմաձևաչափ միջոցառումներ՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո, որը ևս մեկ անգամ ընդգծում է համատեղ ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման գլխավոր գործիք։

Գիտության շաբաթը բաղկացած է թեմատիկ 3 մասերից: Առաջին մասը կանցկացվի հոկտեմբերի 1-2-ը և կկրի «Գիտությունն ամենուրեք է» խորագիրը, երկրորդը մասը տեղի կունենա հոկտեմբերի 3-4-ը՝ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով, իսկ երրորդ մասը կկրի «Գիտական ֆանտաստիկա» խորագիրը և կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:

Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի զարգացումը:

Գիտության շաբաթվա ընթացքում նախատեսվող միջոցառումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.armsciweek.am/festival: