Հայկական գենոֆոնդի ուսումնասիրությունը հրապարակվել է «The American Journal of Human Genetics» ամսագրում
Հայ գիտնականների հեղինակած «Հայ բնակչության ժողովրդագրական պատմությունը և գենետիկ փոփոխությունը» (“Demographic history and genetic variation of the Armenian population”) հոդվածը հրապարակվել է հեղինակավոր «The American Journal of Human Genetics» ամսագրում:
Հեղինակները նշում են, որ հայերի գենոֆոնդի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում գենետիկ կառուցվածքը միատարր է եղել:
Հետազոտության արդյունքները հարցականի տակ են դնում հայերի ծագման մասին Բալկանյան տեսությունը՝ փոխարենը առաջ բերելով հիմքեր, որ վաղ բրոնզեդարից հետո լևանտյան աղբյուրից է գենետիկ ներհոսք եղել տարածաշրջան:
Հոդվածի հեղինակները հիմնավոր կերպով հերքել են նաև Սասունի հայ բնակչության ասորական ծագման մասին պնդումները:
Հետազոտողները նաև լույս են սփռել հայերի տարբեր խմբերի` բնակչության կառուցվածքի և գենետիկ վարիացիաների վրա՝ ցույց տալով, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան, արևմտյան և կենտրոնական մասերի պոպուլյացիաների նմանության մակարդակը համեմատաբար բարձր է:
«Սա առաջին հետազոտությունն է, որով փորձ է արվում պատկերել Հայկական լեռնաշխարհի գենետիկ ատլասը»,- նշել է ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ի պրոֆեսոր, հոդվածի համահեղինակ Լևոն Եպիսկոպոսյանը:
Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում (2021թ.): Գիտական թեմայի ղեկավարը ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանն է, թեման՝ «Հայկական գենոֆոնդի տարբեր հիﬓաշերտերի վերհանումը»:
Լուսանկարը՝ tcd.ie