ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեմինար երիտասարդ գիտնականների համար

01.12.2014

Նոյեմբերի 24-25-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները դասախոսություններով հանդես եկան ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի աջակցությամբ երիտասարդ գիտնականների համար կազմակերպված սեմինարին: Սեմինարն անցկացվում էր ՀՀ ԿԳՆ ԳՊԿ կողմից տրամադրված գիտական միջոցառումների անցկացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Սեմինարին մասնակցում էին շուրջ 50 երիտասարդ գիտանականներ, ասպիրատներ ՀՀ տարբեր բուհական և գիտական կազմակերպություններից:

2014թ.-ի սեմինարի խորագիրն էր «Միջազգային գիտական համագործակցության հմտությունների զարգացում», որը շարունակությունն է հանդիսանում ժամանակակից հայ երիտասարդ գիտնականին անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների համալրմանն ուղղված նմանատիպ միջոցառումների: Առաջին նման սեմինարը` 2011թ.-ին նվիրված է եղել բիզնես և գիտական նախագծերի մշակման հմտությունների ուսուցմանը, երկրորդը` 2013թ.-ին, կառավարման և որոշումների ընդունման հիմունքներին:

Սեմինարի շրջանակներում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական  քաղաքականության վարչություն պետ Վարդան Սահակյանը հանդես եկավ «Գիտության ոլորտի բարեփոխումները» թեմայով դասախոսությամբ:

«Գիտական արդյունքների գնահատման գիտաչափական մեթոդները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ նաև կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Ալեքսան Շահխաթունին:

Սեմինարի ընթացքում կազմակերպվեց նաև կլոր սեղան, որը վարում էր էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ա. Սաղաթելյանը:

Կլոր սեղանի քննարկման արդյունքում ձևավորվեցին հաջորդ սեմինարի թեմաները` ելնելով երիտասարդ գիտնականների առաջարկություններից և ժամանակակից երիտասարդ գիտանակների առջև դրված հրամայականներից:

 

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին