Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագիր՝ Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից

Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայտարարել է Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին:
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել Արցախի պատմության, մշակույթի և առկա իրավիճակի վերաբերյալ հանրության և գիտական լայն շրջանակների իրազեկվածության մակարդակը:
Հետազոտությունը կարող է ընդգրկել տարածաշրջանի վերաբերյալ բոլոր ժամանակների սոցիալական, մշակութային, հոգեբանական, իրավական, տնտեսական, տեխնոլոգիական, մարդասիրական, բնապահպանական և այլ հարցեր:
Դրամաշնորհը ստանալու համար կարող են դիմել ուսանողներ, ասպիրանտներ, գիտնականներ, անկախ լրագրողներ, հոդվածագիրներ և Արցախի հարցերով մասնագիտանալու և այն ճանաչելու հարցում շահագրգիռ այլ անձինք:
Դրամաշնորհային ծրագրի հայտերը պետք է ներառեն նախկինում հրապարակված աշխատությունների օրինակներ, ինքնակենսագրական, ինչպես նաև առաջարկվող բյուջե՝ տեղում իրականացվելիք հետազոտական ծրագրի ռազմավարության նկարագրությամբ: Ծրագրերը և կատարված աշխատանքները կարող են ներկայացվել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ ռուսերեն լեզուներով:
Հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով մինչև 2021 թ. ապրիլի 30-ը:
Դրամաշնորհի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ կից փաստաթղթից և ՀԲԸՄ կայքից՝ www.agbu.org/artsakhgrants: