Հանդիպում ԳԱԱ նախագահության անդամների հետ
Փետրվարի 2-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել նախագահության անդամների, գիտական ինստիտուտների և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ակադեմիայի գործունեության կարևոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձել ոլորտային խնդիրներին: Աշոտ Սաղյանի խոսքով՝ սկսվել են բարեփոխումների լայնածավալ ծրագրեր, որով նպատակադրվել են բարելավել թե՛ ենթակառուցվածքային պայմանները, թե՛ կապը ինստիտուտների հետ՝ վերականգնելով ակադեմիայի երբեմնի հեղինակությունն ու դերը հասարակության մեջ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանդիպման նպատակը օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատանքային դրական միջավայրի ձևավորումն է. «Սպասված փոփոխություններն իրականացնելու համար ունենք դրական մթնոլորտի կարիքը: Պետք է լսենք երկուստեք փաստարկներն ու պարզաբանումները՝ չմոռանալով, որ փոփոխություններն անհրաժեշտ են գիտության ոլորտի զարգացման համար, որը մեր օրակարգի շատ կարևոր մասն է: Կառավարության ծրագիրը շատ ուղիղ թիրախներ է սահմանում գիտության զարգացման համար՝ թե՛ ոլորտի ֆինանսավորման էական ավելացումների, թե՛ երիտասարդ գիտնականների խրախուսման և թե՛ ոլորտի միջազգայնացման առումով: Կարծում եմ՝ սա շատ կարևոր քաղաքականություն է, որտեղ ՀՀ ԳԱԱ-ն ունի իր կարևոր դերն ու անելիքը՝ ինստիտուտների հետ համատեղ»:
Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից