ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ընդունվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման մասին նախագիծը

03.05.2023

Ազգային ժողովի նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը լրամշակվել է. ստացվել է երկու առաջարկ, որոնք մասամբ ընդունվել են: «Առաջարկներից մեկը վերաբերել է գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման մասով դրույթի ներառմանը, որն ընդունվել է: Երկրորդ առաջարկը եղել է Գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող դրույթների հետ կապված»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այն հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսացել օրենսդրական փոփոխությունների համար: «Նախագծի համար հիմք է հանդիսացել 2020 թվականին կատարված մեծածավալ հետազոտությունը, որի արդյունքներով ՀՀ կառավարությանը տրվել են 19 կոնկրետ առաջարկություններ՝ խմբավորված 4 հիմնական բաղադրիչներում: Եվ ներկայում Կառավարությունը հետևողական գնում է այս առաջարկներն իրացնելու ճանապարհով: Առաջարկների մի էական կտոր վերաբերել է գիտության ոլորտի ֆինանսավորմանը, որը համարվել է անբավարար՝ էական և որակական փոփոխություններ անելու համար: 2018 թվականի համեմատ՝ այս տարի 150 տոկոսով ավելի ֆինանսավորում է հատկացվել գիտության ոլորտին: Սա ահռելի թիվ է, և գիտական կազմակերպությունները պետք է կարողանան այն արդյունավետ օգտագործել: Զուգահեռաբար իրականացվում է կարողությունների զարգացման գործընթաց. վերջին երկու տարում գիտական կազմակերպությունների կարողությունների շարունակական զարգացման միջոցով հասել ենք նրան, որ այդ կազմակերպությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրով ստացել են են 2,9 մլն եվրո դրամաշնորհ : Եվ դա այն պարագայում, երբ նախկինում՝ 2014-20 թվականների ընթացքում, այդքան չեն կարողացել ստանալ: Սա զգալի առաջընթաց է, որը երևում է նաև թվերով»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ առաջարկություններում եղել են նաև կառավարման և այլ ուղղություններով կոնկրետ անելիքներ, որոնք ընկած են այս օրենսդրական նախաձեռնության հիմքում:

Հավելենք, որ օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխմանը և նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության և իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:

Քննարկումների արդյունքում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական փաթեթը:

 

Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից