Յուրի Հովհաննիսյանն արժանացել է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ–Ռուսաստան միջազգային մրցանակի
Մեծանուն ֆիզիկոս, ՄՀՄԻ միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը հիմնարար գիտությունների ոլորտի ձեռքբերումների համար արժանացել է Դ.Ի. Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ–Ռուսաստան միջազգային մրցանակի։
Գիտնականն այս բարձր պարգևը ստացել է պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած հեղափոխական հայտնագործությունների, ինչպես նաև գլոբալ մասշտաբով հիմնարար գիտությունների զարգացման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար։
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 15-ին ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակում։
Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Փարիզի համալսարանի պրոֆեսոր է, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի, Մեսինայի համալսարանների պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Սերբիայի գիտության և գեղարվեստի ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:
Յուրի Հովհաննիսյանի աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Ավելի քան 60 տարի նրա գիտական գործունեությունը կապված է Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ: Այժմ էլ այդ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավարն է: Յուրի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Յուրի Հովհաննիսյանը նոր տարրերի (104-118 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված երկու տասնյակից ավել հայտնագործությունների հեղինակ և համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։
Մերօրյա մեծանուն հայ գիտնականի պատվին՝ 2016 թ. նոյեմբերին Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ տարրն անվանվել է Oganesson (Og): Առ այսօր նման պատվի իր կենդանության օրոք արժանացել է ընդամենը երկու գիտնական:
Յուրի Ցոլակի Հովհաննիսյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ 2016 թվականին՝ ՀՀ Պատվո շքանշանի, 2017 թ.` ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանի, 2018 թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալի, նույն թվականին` ՌԳԱ Լոմոնոսովի անվան Մեծ մեդալի, 2019 թ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:
2017 թվականի դեկտեմբերի 28-ին «Հայփոստը» շրջանառության մեջ է դրել Յուրի Հովհաննիսյանին նվիրված նամականիշ, իսկ 2018 թվականին ՀՀ-ում մարվել է ֆիզիկոսին նվիրված հատուկ ծրար (ֆիլատելիստական արտադրանք), որի վրա պատկերված է 2006 թվականին Յուրի Հովհաննիսյանի կողմից հայտնաբերված Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը՝ Օganesson (Og)-ը:
2018 թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:
Իր հարուստ, բովանդակալից կյանքի ողջ ընթացքում ակադեմիկոս Հովհաննիսյանը կապված է եղել Հայաստանի գիտական աշխարհի հետ, եղել ու մնում է կենդանի կամուրջ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի և Հայաստանի ֆիզիկոսների միջև, հսկայական ավանդ ունի Հայաստանում միջուկային ֆիզիկայի մասնագետների մի քանի սերունդների կայացման շնորհակալ գործում:
Մրցանակի շնորհման մասին տեղեկությունը ՅՈւՆԵՍԿՕ -ի կայքից՝ https://en.unesco.org/news/professors-balzani-and-oganessian-receive-first-unesco-russia-mendeleev-international-prize-1