Քննարկվել են գիտական փորձաքննության կազմակերպման խնդիրները
2012 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Ա. Շահխաթունին Մոլդովայի Քիշինեւ քաղաքում մասնակցել է «Գիտության գնահատումը որպես հետազոտությունների խթանման նախապայման» թեմայով տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին: Սեմինարն անցկացվում էր «Եվրամիության Արեւելյան գործընկերության «Կապերի հաստատում ժողովուրդների մեջ» ծրագրի շրջանակներում:
Սեմինարի հիմնական նպատակն էր գիտական փորձաքննության եւ մրցութային հիմունքներով գիտական ծրագրերի ֆինանսավորման կազմակերպման փորձի փոխանակումը, ինչի համար էլ մասնակից երկրները ներկայացրել են իրենց փորձն ու ձեռքբերումները նշված բնագավառում: Քննարկումներ են ծավալվել երկրների անելիքները ճշգրտելու, գնահատման գործընթացը բարելավելու, օգտագործվող մեթոդաբանությունները եւ չափանիշները ընդհանրացնելու, երկկողմ համաձայնությունների հիման վրա փոխօգնություն տրամադրելու ուղղություններով: Քննարկվել են նաեւ հետազոտական եւ նորարարական ծրագրերի գնահատման եւ աջակցության ընդհանուր տեսլականը ու ընթացակարգերը ԵՄ նոր ձեւավորվող «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում։
Սեմինարի ժամանակ Ա. Շահխաթունին նեկայացրել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի գիտական փորձաքննության կազմակերպելու փորձը, առկա խնդիրներն ու խոչընդոտները, ինչպես նաեւ առաջարկներ այն հարցերի վերաբերյալ, որոնք ընդհանուր են այլ երկրների համար եւ որոնց լուծումը պահանջում է երկրների սերտ համագործակցություն։ Քննարկումների արդյունքում կազմվել եւ ընդունվել է որոշում։