ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հաստատվել է գիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման նոր կարգը

04.01.2024

ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 4-ի նիստին քննարկվեց և ընդունվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Հարցը զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով ներկայացվող նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ։

Նա մասնավորապես ընդգծեց, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ցուցանիշներից է, փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքը`  մեկ միլիոն բնակչի հաշվով, որը ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և այդ զբաղվածությամբ զբաղվում են գիտական գործունեությամբ․«Պետք է ասեմ, որ Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է։ Մենք ընդհանուր առմամբ ունենք 2455 նման գիտաշխատող, որը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կազմում է մոտ 830, և այս ցուցանիշով բավական զիջում ենք մյուս երկրներին, այդ թվում՝ տարածաշրջանի։ Հետևաբար անհրաժեշտ է, որ մեր քաղաքականության գործիքները խրախուսեն գիտաշխատողների՝ լրիվ զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը»։

Այս համատեքստում նա հիշեցրեց Կառավարության՝ 2008 թվականից գործող որոշումը, որով գիտաշխատողները պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված լինելու պարագայում իրենց գիտական աստիճանի համար ստանում էին հավելավճար՝ գիտությունների թեկնածուները՝ 25 000 դրամի չափով, գիտությունների դոկտորները՝ 50 000 դրամի չափով։ 

«Ընդ որում՝ հավելավճարը հատկացվում էր գիտնականին, եթե նա պետական ֆինանսավորման ծրագրերում ներգրավված էր առնվազն նվազագույն աշխատավարձի ու դրանից բարձր վարձատրության պայմաններում»,- հավելեց Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ 2022թ․ հունվարից ՀՀ կառավարության՝ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված քաղաքականության արդյունքում ներկա պահին ստեղծվել է իրավիճակ, որ անգամ համատեղությամբ աշխատող գիտնականի պարագայում սահմանված նվազագույն աշխատավարձի շեմը հաղթահարվում է, և գործող կարգը ուղղակի վերածվել է առանց նախապայմանի հավելավճար տրամադրելու գործիքի։

«Հետևաբար այս փոփոխություններն ենք նախաձեռնել, որով կանոնակարգում ենք գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը։ Կարգի ընդունումից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն նորմալ ծանրաբեռնվածությամբ, այսինքն՝ ամբողջական ծանրաբեռնվածությամբ»,- մանրամասնեց նախարարը՝ նշելով, որ հավելավճարի տրամադրման այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան, և սա կարևոր է, որ գիտական գործունեությունը դիտարկվի իբրև պրոֆեսիոնալ ու հիմնական զբաղմունք։

«Մեր դիտարկումներով այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված, գիտական աստիճան ունեցող 2162 անձանցից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենա, և դրանով իսկ մենք կխրախուսենք, որ նրանք ևս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2024թ․ հունվարի 1-ից արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է․ «Ընդ որում՝ պրոցեսը դեռ չի ավարտվել, և բարձրացում տեղի է ունենալու նաև 2025թ․ հունվարի 1-ից։ Ընդ որում՝ էդտեղ մենք ունենք ընդհուպ 300%-ով աշխատավարձերի բարձրացումներ։ Այս որոշմամբ ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները և գիտությունների թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»։

Ապա անդրադառնալով քննարկվող նախագծին՝ Փաշինյանը նշեց, որ քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնել։

ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ ընդամենը մի քանի նիստ առաջ հաստատվել է նաև գիտնականների ատեստավորման նոր կարգը, որը սինխրոնացված է այս մոտեցումների հետ․ «Այսինքն՝ այնտեղ էլ մենք այնպիսի խթաններ էինք դրել, որոնք պետք է գիտաշխատողներին խրախուսեն էլ ավելի ինտենսիվ գիտական գործունեություն վարել, ընդ որում՝ միջազգային առումով մրցունակ գիտական արտադրանքի մասին է խոսքը, և այս հավելավճարների քաղաքականությունն էլ գալիս է կապվելու ատեստավորման այդ նույն տրամաբանության հետ»։

Նիկոլ Փաշինյանն էլ եզրափակելով ասաց․ «Այս որոշման կարևոր նպատակը նաև այն է, որ բնակչության թվի համեմատ՝ գիտական գործունեությամբ զբաղվող գիտնականների թվով մենք կարողանանք հասնել այն ստանդարտներին, որոնք նախորոշված են, և որոնք ՄԱԿ-ի շրջանակներում ընդունել ենք որպես զարգացման ռազմավարական նպատակ։ Այնպես որ, այս որոշումը պետք է դիտարկել նաև այդ համատեքստում»։

Նոր կարգը