«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկում











Oգոստոսի 3-ին ՀՀ գիտության կոմիտեում կազմակերպվել էր ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում, որին մասնակցում էին շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համառոտ ներկայացրեց նախագիծը, որից հետո քննարկման մասնակիցները հնչեցրեցին իրենց կարծիքները ծրագրի վերաբերյալ, մասնավորապես, շատերը մտավախություն հայտնեցին, որ Ակադեմիական քաղաքի ստեղծումով կփոխվի միայն կրթության և գիտության կազմակերպման ձևը, իսկ բուն որակի և բովանդակության վրա քաղաքի ստեղծումը էական ազդեցություն չի ունենա: Պատասխանելով բարձրացված հարցերին՝ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն անդրադարձան նախագծի մշակմանը զուգահեռ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող և մոտ ապագայում նախատեսվող բարեփոխումներին՝ շեշտելով կառավարման և բովանդակային մասերում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը: Մասնավորապես, նշվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին մինչև 2024 թ. փետրվարի 15-ը ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ, որը սերտորեն առնչվում է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին և միտված է բարձրագույն կրթության և հետազոտական աշխատանքի սիներգիայի ապահովմանն ու ոլորտներում միջազգային մրցունակության բարձրացմանը:
Կոմիտեի նախագահը նշեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի քննարկումները հանրային լսումով չեն սահմանափակվելու, առաջիկայում նախատեսվում են այցելություններ տարբեր գիտական կենտրոններ ու բուհեր՝ ծրագրի քննարկման և նախագծման փուլերում հնարավորինս շատ շահառուների ներգրավելու և տարբեր ոլորտների առանձնահատկությունների հետ կապված խնդիրներին մանրամասնորեն ծանոթանալու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի առաջատար մասնագետներին և մասնագիտացված կառույցները։
Նախատեսվում է սեպտեմբերից սկսել Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը, որը, համաձայն ժամանակացույցի, կտևի երկու տարի: Կառուցման փուլը նախատեսվում է մեկնարկել 2025 թ. հոկտեմբերից և նախնական գնահատմամբ ավարտել 2029 թ. դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ հնարավոր է ներկայացնել մինչև օգոստոսի 7-ը ներառյալ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` https://www.e-draft.am/projects/6013 հղումով, կամ ուղարկելով Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):