Հայաստանը կդառնա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ
Նոյեմբերի 4-ի ՀՀ կառավարության նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» որոշման նախագիծը:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը նպաստելու է գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով մեր գիտնականներին օգտվելու ծրագրին մասնակից պետությունների առաջադեմ ենթակառուցվածքներից:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցությունը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Այս գործընթացն սկսվել է դեռևս 2016 թվականից՝ ԵՄ «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցությամբ: 2016-2020 թթ. ընթացքում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել են 312 հայտեր, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը և ֆինանսավորման են երաշխավորվել 35-ը: Ասոցացված երկրների շարքում Հայաստանի Հանրապետության մասնակցության հաջողության գործակիցը 11,81 տոկոս է:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկման տեսագրությունից