ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ՝ գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար

04.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. նոյեմբերի 3-ի N 2016-Ա/2 հրամանով  հաստատվել է ս.թ. հունիսի 1-ին հայտարարված Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու  մրցույթի շահառուների ցանկը:

Այս տարի գիտական կազմակերպություններին նյութատեխնիկական բազայի արդիականացման  համար տրամադրվել է աննախադեպ շատ՝ 2 միլիարդ 933 միլիոն ՀՀ դրամ:  Համեմատության համար նշենք, որ 2021-ին նույն մրցույթի շրջանակներում տրամադրվել է 1 միլիարդ 354 միլիոն ՀՀ դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը շուրջ 300 միլիոն է եղել:

Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ: Մրցույթով ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտը, սակայն,  մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ: