«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթվա» շրջանակում բաց դռների օր է կազմակերպվել ուսանողների համար մի շարք պետական մարմիններում




Մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» արշավը, որի շրջանակում դեկտեմբերի 3-ին ուսանողների համար բաց դռների օր է կազմակերպվել ՀՀ մի շարք պետական մարմիններում:
Մասնավորապես՝ ապագա իրավաբանները այցելել են ՀՀ գլխավոր դատախազություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե, Հակակոռուպցիոն դատարան և ՀՀ արդարադատության նախարարություն:
Շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացել են նշված գերատեսչությունների գործառույթներին և աշխատանքներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ոլորտների փորձառու մասնագետներին:
Պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք առանցքային և հանրային հետաքրքրություն ուենցող հարցերի, մասնավորապես՝ ինչով է վտանգավոր կոռուպցիան, ինչպես է այն դրսևորվում, ինչ է հովանավորչությունը, ինչպես պայքարել դրա դեմ, ինչ է բարեվարքությունն ու ինչպես ազդարարել կոռուպցիոն հանցագործությունների մասին:
Ուսանողներին ներկայացվել են այն խնդիրները, որոնք դրված են մարմիններից յուրաքանչյուրի առջև, ինչպես նաև այն մասնագիտական և անձնային որակները, որոնք անհրաժեշտ են ապագայում տվյալ մարմիններին որպես աշխատակից միանալու համար:
Արդարադատության նախարարության «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ուսանողների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված այս միջոցառումը կազմակերպվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ համագործակցությամբ: