ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է ակադեմիկոս Արամ Շահինյանը

05.02.2020

Խոր վշտով հայտնում ենք, որ փետրվարի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը:

Արամ Շահինյանը 1992-1999 թթ. եղել է ՀՀ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, 1999-2011 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար: 1996-2007թթ. նա եղել է Եվրոպական «INTAS» կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ.՝  Հայ-Ռուսական համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ: 2011 թվականից նա ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական ղեկավարն էր։

Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Նա 250-ից ավելի գիտական հոդվածների, 3 մենագրության, 1 գրքի հեղինակ էր և 3 գրքի համահեղինակ: Արամ Շահինյանի ղեկավարությամբ 2000 թվականից Հայաստանում ակտիվորեն զարգացել է համակարգչային քիմիա և կենսաբանություն ուղղությունը: 

ՀՀ գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Արամ Շահինյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին և նրանց հետ կիսում է անդառնալի կորստի վիշտը:

Արամ Շահինյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18.00-20.00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):

ՀՀ գիտության կոմիտե