ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ամփոփվեցին հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

05.04.2021
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից անցկացվող Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները: Այս տարի փառատոնին մասնակցել է Երևանի և 7 մարզերի 21 ուսումնական հաստատությունների շուրջ 110 աշակերտ` ներկայացնելով ընդհանուր թվով 46 անհատական և խմբային գիտահետազոտական նախագիծ:

Փառատոնին բացման խոսքով հանդես եկավ և լավագույն նախագծերի հեղինակներին պարգևատրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Փառատոնին ներկա էին նաև փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը,  ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և այլ հյուրեր։

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ շատ ուրախ է տեսնել՝ ինչպես են ներկայացվում մեր դպրոցներում առաջացած գաղափարները՝ մեր ուսուցիչների ղեկավարությամբ, մեր աշակերտների մասնակցությամբ և իրագործմամբ։ «Գիտությունը մի աշխարհ է, որը կարելի է համեմատել միայն տիեզերքի հետ։ Երբ դուք գրանցում եք որոշակի արդյունք կամ նվաճում, մի գերագույն զգացողություն եք վերապրում, որն անհամեմատելի է ցանկացած այլ գործունեության հետ։»,- նշեց պարոն Դումանյանը։ Նա նաև հույս հայտնեց, որ աշակերտների հետագա նվաճումները կվերաբերեն այն ոլորտներին, որոնք առավել կարևոր են մեզ բոլորիս համար՝ առաջին հերթին ուղղված լինելով խաղաղության պահպանմանը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ պարտադրմանը, ինչպես նաև հանրային առողջության պահպանմանը և համընդհանուր առաջընթացին։ Նախարարը մաղթեց, որ մասնակիցների թիվը տարեցտարի շեշտակի աճի՝ արդյունքների խորության և կարևորության հետ մեկտեղ։

Նախարարը դիպլոմներով, պատվոգրերով  և մրցանակներով պարգևատրեց առավել աչքի ընկած նախագծերի հեղինակներին: Մրցանակները հատկացրել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ՀՀ-ում գործող  գիտական ասոցիացիաները, ինչպես նաև միջազգային տարբեր ասոցիացիաներ:

Փառատոնի մրցանակակիրների ցանկը։

Ժյուրիի գնահատմամբ առավելագույն միավոր ստացած երկու խմբեր հնարավորություն ստացան առցանց եղանակով իրենց նախագծերը ներկայացնելու ս.թ.  մայիսի 3-ից 6-ն ընկած  ժամանակահատվածում ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair): Իսկ մայիսի 16-21-ը տեղի կունենա Միջազգային գիտատեխնիկական փառատոնի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում տեղի կունենան դասախոսություններ, քննարկումներ և այլ միջոցառումներ (https://www.societyforscience.org/isef/): Միջազգային գիտատեխնիկական փառատոնի հովանավորն է «ARPA» հիմնադրամը, որը 2020 թվականից ակտիվ համագործակցում է փառատոնի կազմկոմիտեի հետ:

Ժյուրիի նախագահ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Զաքարյանի հավաստամբ՝ ընտրությունն այդքան էլ հեշտ չէր, քանի որ կային նախագծեր, որոնք շատ բարձր մակարդակի էին թե՛ կատարված ճարտարագիտական աշխատանքի, թե՛ գիտական հետազոտության, թե՛ պաստառի ներկայացման տեսանկյունից։ 

Փառատոնի եզրափակիչ փուլի օրակարգը բավականին հագեցած էր. սկզբում մասնակիցները պաստառի տեսքով ներկայացրեցին նախագծերը ժյուրիին և բանավոր հարցուպատասխանի միջոցով պարզաբանեցին իրենց գիտական աշխատանքի հիմնական խնդիրը և արդյունքները։ Այնուհետև, աշակերտները շրջայց կատարեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնակցեցին համալսարանի կողմից կազմակերպված դասախոսությունների՝ ճարտարապետության, դիզայնի, տնտեսագիտության և շինարարության վերաբերյալ։ Փառատոնի շրջանակներում աշակերտների համար դասախոսություններով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Հակավիրուսային պաշտպանության մեխանիզմներ» գիտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը, որը հանրամատչելի կերպով խոսեց վիրուսների, համաճարակների, պատվաստումների և այլ արդիական հարցերի մասին, ինչպես նաև՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի  ֆիզիկայի ամբիոնի վարիչ Հայկ Սարգսյանը, որը ներկայացրեց աշակերտներին և հյուրերին, թե ինչպիսի բեկումնային դեր է ունեցել գիտությունը Երկրորդ աշխարհամարտի և մասնավորապես՝ Բրիտանիայի ճակատամարտի ամենաթեժ մարտերում՝ կանխորոշելով պատերազմի արդյունքը։  Դասախոսությունների շարքին հաջորդեց  գիտափորձերի ցուցադրությունը` «Yerevan young minds» և «ArMicro ASM Student Chapter» խմբերի և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից, ինչպես նաև դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ փառատոնն այս տարի անցկացվում էր առաջին անգամ (2020 թ. այն չեղարկվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների պատճառով), սակայն թե՛ նախաձեռնողները, թե՛ մասնակիցները, թե՛ ժյուրիի անդամներն ու բանախոսները վերահաստատեցին նրա շարունակականության անհրաժեշտությունը։ 2022 թ. փառատոնի անցկացման կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախատեսվում է հրապարակել արդեն այս տարվա մայիսին։