ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման մրցույթի առաջին փուլի արդյունքները հայտնի են

05.05.2023

2023 թ. հունվարին հայտարարված Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 6 ծրագիր:

ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի 6 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման նպատակով կմեկնեն արտերկրի առաջատար գիտական կենտրոններ (2 ծրագրի դեպքում՝  Ֆրանսիա, մեկական՝  ԱՄՆ, Իսպանիա, Միացյալ Թագավորություն և Իտալիա): Ծրագիրը հայ գիտնականներին թույլ կտա բարձրացնել կազմակերպությունների գիտական ներուժը, ինտեգրվել միջազգային հետազոտական տարածքին, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, մասնավորապես, ծրագրի շահառուների մի մասը ընդունող կազմակերպությում աշխատելու է գերժամանակակից գիտական սարքավորումներով, որոնք Հայաստանում նոր են, կամ նախատեսվում է ձեռք բերել մոտ ապագայում:

Գիտության կոմիտեն այժմ ընդունում է հայտեր Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի երկրորդ փուլի համար:

Մրցույթին դիմել կարող է 35-50 տարեկան, գիտական աստիճան ունեցող անձը, ով ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպության կամ բուհի հետ ունի պայմանագիր, զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ և վերջին հինգ տարիների ընթացքում ունի կոնկրետ պահանջների բավարարող հրապարակումներ: Դիմել կարող է նաև ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման որևէ ծրագրում ընդգրկված մագիստրատուրայի ուսանողը:

Վերապատրաստման ծրագրի տևողությունը 2-ից 12 ամիս է:

Մրցույթի երկրորդ փուլի հայտերը կընդունվեն մինչև  2023 թ. օգոստոսի 25-ը:

Մրցույթի հրավերի փաթեթը