Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

Վշտով հայտնում ենք, որ անդառնալի կորուստ կրեց հայաստանյան գիտական համայնքը․ 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Ռադիկ Մարտիրոսյանն իր երկարամյա բեղուն գործունեությունն է ծավալել և անգնահատելի ներդրում թողել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։
Ակադեմիկոս Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականի մայիսի 1-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։
1958 թվականին ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ, 1963 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։
Իր աշխատանքային գործունությունը սկսել է 1958-1960 թվականներին՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող։ 1960 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։
1964 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, որից հետո աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ (ներկայումս՝ ՀՀ ԳԱԱ) ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
Ինստիտուտում շուրջ 4 տասնամյակ արգասաբեր և նվիրված աշխատանքի ընթացքում 1968-1970 թվականներին զբաղեցրել է լաբորատորիայի բաժնի վարիչի, 1970-1980 թվականներին՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի, իսկ 1980-2006 թվականներին՝ ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
1980 թվականին Ռադիկ Մարտիրոսյանը ստացել է դոկտորի գիտական աստիճան։ 1982 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թվականին՝ ակադեմիկոս։
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատանքին զուգահեռ՝ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում՝ 1983-1993 թվականներին հանդիսանալով ԵՊՀ-ում իր նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1993-2006 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը՝ իր նշանակալի ավանդը ունենալով համալսարանի՝ եռաստիճան կրթական համակարգին անցնելու և եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու գործընթացին։
2006-2021 թվականներին հանդիսացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը ԵՊՀ-ում՝ որպես ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։
2016 թվականից հանդիսացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։
2021 թվականից հանդիսացել է ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական։
Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղարարների ստեղծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։
Նրա ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել է 9 թեկնածուական և 2 դոկտորական ատենախոսություն։
Ակադեմիկոս Մարտիրոսյանը 1981 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1985 թվականին՝ Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, 1999 թվականին՝ ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, 2004 թվականին՝ Իտալիայի Նախագահի, 2005 թվականին՝ Ֆրանսիայի կառավարության շքանշաններով, 2006 թվականին՝ «Գիտական ուսումնասիրությունների և բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար» ԵՊՀ մեդալով, 2007 թվականին՝ Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով, 2017 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում կյանքից հեռացած Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ գիտական համայնքին։
Ռադիկ Մարտիրոսյանի գիտակրթական անուրանալի ժառանգությունը ընդմիշտ վառ կմնա Հայաստանի գիտության և բարձրագույն կրթության պատմության մեջ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով։
Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս․թ․ մայիսի 7-ին Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում ժ․17։30-20։00։
Հրաժեշտը՝ մայիսի 8-ին, ժ․11։30-13։00, ՀՀ ԳԱԱ Նախագահության շենքից։