ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մասնակցություն Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված միջոցառումներին

05.06.2019

Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը 2019 թ. մայիսի 29-ից 31-ը գործուղվել էր Դուբնա (ՌԴ)` մասնակցելու Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կազմակերպած «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի ներկան և ապագան» խորագրով սիմպոզիումի աշխատանքներին:

Սիմպոզիումի ընթացքում Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև հայազգի անվանի գիտնական Յուրի Հովհաննիսյանի մեծարման արարողությունը՝ պարբերական աղյուսակում մի շարք քիմիական տարրերի համալրման ուղղությամբ կատարած զգալի աշխատանքների համար: Միջոցառման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել https://www.youtube.com/watch?time_continue=731&v=7G8B2iXpP5o հղումով:

Դուբնա այցի շրջանակներում ՀՀ Սամվել Հարությունյանն ունեցել է մի շարք հանդիպումներ: Դուբնայի պետական համալսարանի ռեկտոր Դ. Ֆուրսաևի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մագիստրատուրայում սովորող ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնելու համար հուշագրի նախագիծ նախապատրաստելու շուրջ աշխատանքներ սկսելու մասին:

ՄՀՄԻ տնօրեն Վ. Մատվեևի և Յուրի Հովհաննիսյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Դուբնա-Հայաստան համագործակցության շրջանակներն ընդլայնելու և նոր ոլորտներ ընդգրկելու խնդիրները, մասնավորապես, սեյսմիկ անվտանգության և երկրաբանության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղիները:

2019 թ. մարտին կայացած ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նստաշրջանին քննարկվել էին ՄՀՄԻ կողմից գիտական աստիճաններ շնորհելու իրավունք իրացնելու ուղղությամբ ձեռնարկած քայլերը: Այս նպատակով 2019 թ. մայիսի 30-ին ՄՀՄԻ գիտական խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սորինի հետ հանդիպման ընթացքում վերջինիս և Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ վերոնշյալ խորհուրդները կունենան միջազգային ձևաչափ, որի արդյունքում ՄՀՄԻ գիտական աստիճանաշնորհման մասնագիտացված խորհուրդների կազմում կարող են ընդգրկվել նաև հայ գիտնականներ: