Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման վրա գլխավոր հատակագծում իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:
Քննարկում է ծավալվել հայեցակարգային մաստեր պլանի հաստատումից հետո նախատեսվող քայլերի շուրջ, մասնավորապես՝ սխեմատիկ պլանի մշակմանը: Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ առկա է աշխատանքների մի քանի փուլ. առաջին փուլը տարածքը նախապատրաստելն է իրագործման համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փուլում պետք է դրանով զբաղվել, ունենալ տարածքի նախապատրաստման ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ ժամկետներով և պատասխանատուներով: Վարչապետը նաև հանձնարարել է առաջարկ ներկայացնել գլխավոր հատակագծից սխեմատիկ պլանին անցնելու վերաբերյալ, թե ի՞նչ սկզբունքով է իրագործվելու: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ այսօր արդեն կարելի է դրա մասին մտածել, որովհետև առկա է բավարար տեղեկատվություն և անհրաժեշտ նյութ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս առումով կարևորել է հատակագծի վերջնական հաստատման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելը և նշել. «Բացի այն տարածքներից, թե որտեղ կարող ենք սկսել աշխատանքը, մենք արդեն կարող ենք որոշել նաև այն տարածքները, որտեղ մասնավորը կարող է սկսել աշխատանքը, այստեղ իրենք էլ կարող են ավելի արագ նախագծման ու կառուցման գնալ»:
Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, կոմունալ ենթակառուցվածքներն ամենակարևոր խնդիրներից են տարածքի նախապատրաստման տեսանկյունից:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր հերթին նշել է, որ այս փուլում արդեն հնարավոր է իրականացնել հողային ռելիեֆի հետ կապված աշխատանքները, ինչպես նաև անկախ շինարարության փուլերից՝ հնարավոր է իրականացնել կոմունալ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի հետագա անելիքները:
Խորհրդակցության ընթացքում հստակեցվել են նաև տրանսպորտային նախագծի մշակման հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նախատեսվող տարբեր օրենսդրական կարգավորումների իրականացմանը:
Աղբյուր՝ primeminister.am