ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ագրարային ուղղվածության մի շարք մասնագիտություններով սովորող ուսանողներին ևս կտրամադրվի 70-77 000 դրամ կրթաթոշակ

05.09.2024
image descriptionimage description

ՀՀ կառավարության 2024թ․ սեպտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում էր վերանայել և ընդլայնել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործադիրի նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս հայտնեց, որ այն բխում է «ՀՀ կրթության մինչև 2030թ․ զարգացման պետական ծրագրից», որով նախատեսված է կրթաթոշակային քաղաքականության սկզբունքների վերանայում։

«Կարծում եմ, որ նախագիծը շատ համահունչ է նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերին»,- հավելեց նախարարը։

Նշենք, որ  ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը (առաջին կուրսում 70 000 ՀՀ դրամ, երկրորդ կուրսից սկսած՝ 70 - 77 000 ՀՀ դրամ՝ ըստ առաջադիմության) և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկված են բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր։

«Առաջարկում ենք, կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով, այդ ցանկում ներառել ագրարային ուղղվածության կրթության ծրագրերը, որոնք նույնպես պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ են»,- ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։

Առաջարկվում է ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք մասնագիտություններ (ցանկը՝ այստեղ

«Այս առաջարկն արվում է՝ հաշվի առնելով, որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ պետական օժանդակությամբ, որոնք առաջ են բերում մասնագիտական կադրերի հսկայական պահանջարկ, և այդ պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ է նաև, որ խթանենք այս ոլորտում կրթություն ստացող դիմորդների թիվը։ 

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ առաջադիմության, 70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային նշված մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որ այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը»,- հայտնեց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ որոշման շահառու են նաև վերոնշյալ կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները։

Ապա Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախորդ տարի ընդունված որոշման արդյունքները՝ նշելով, որ գրանցվել է որոշման մեջ ներառված ծրագրերով (ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության կրթական ծրագրեր) ընդունվածների թվի աճ։

«Մասնավորապես՝ եթե 2022-ին բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով միասին ունեցել էինք ընդամենը 124 ուսանող, 2023-ին արդեն շուրջ 2 անգամ աճ ենք ունեցել՝ 251 ուսանող։ 2024-ին արդեն ունենք 304 ուսանող, որը շուրջ 2,5 անգամ ավել է 2022-ի նկատմամբ, այսինքն՝ մինչև որոշման ընդունումը։ Ընդ որում՝ բակալավրիատի մակարդակում 3,5-4 անգամ աճ ունենք, մագիստրատուրայում շուրջ 2,5 անգամ»,- ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ ընդունվելիք որոշումը կվերաբերի շուրջ 220 ուսանողի, որոնք կսովորեն ագրարային ոլորտի մասնագիտություններով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անհրաժեշտ համարեց որոշման ընդունումը՝ գյուղատնտեսության ոլորտում թափուր աշխատատեղերի համալրման, տարածքային համաչափ զարգացման, ագրարային կրթության որակի բարձրացման և ուսումնական ծրագրերի մրցունակության առումով:

Այս տեսանկյունից Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կրթության որակի հետ կապված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են՝ մանրամասնելով, որ որոշման համաձայն՝ միայն առաջին տարին է, որ 70 000 դրամ կրթաթոշակը գործում է բոլորի համար, իսկ երկրորդ տարվանից սկսած՝ կրթաթոշակի հավակնում են միայն նրանք, ովքեր առնվազն 80% մոգ ունեն։ Նախարարն ընդգծեց, որ կրթության որակի ապահովման համար ներկայումս մշակվում են մշտադիտարկման լրացուցիչ մեխանիզմներ։

Երիտասարդների շրջանում ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորեց հանրակրթության բարեփոխումների շրջանակում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումը․ «Կոնկրետ ագրարային ոլորտում մենք Ագրարային համալսարանի հետ աշխատանքներ ենք տարել, ձևավորվել է առանձին դասընթաց՝ Ագրոտեխնոլոգիա, որը ներդրվում է որոշ դպրոցներում որպես կրեդիտային համակարգի հնարավորություն տվող դասընթաց»։

Գյուղատնտեսության ոլորտում թափուր աշխատատեղերը համալրելու մասով նախարարը հայտնեց, որ Ագրարային համալսարանը աշխատանքային կիսամյակի գաղափարն է ներդրել. «Կիսամյակը գործատուների մոտ անցնող 3-րդ կուրսի ուսանողների 60%-ը աշխատանքի է անցնում։ Այսինքն՝ մինչև կրթությունը ավարտելը իրենք արդեն պահանջված են»։

Խոսելով կրթության բովանդակային բարեփոխումներից՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ դրանք ռազմավարական գործընթացի մեջ են․ «Ագրարային համալսարանը նախատեսված է տեխնոլոգիական կլաստերում որպես դրա բաղադրիչ։ Ինպես նշեցիք, ագրարային ոլորտի մասնագիտությունները դառնում են տեխնոլոգիական մասնագիտություններ, և ավելի շուտ ագրոտեխնլոգիական ոլորտի մասին ենք խոսում։ Դա արտացոլված է կրթական ծրագրերում և նաև ակադեմիական քաղաքում կունենա իր պատշաճ արտացոլումը»։

Լուսանկարները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի