«ԻԳործ» ծրագրով Գիտության կոմիտեն նոր աշխատակից ունի
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում ֆիզիկոս Միքայել Խանբեկյանը մեկ տարի ժամկետով կաշխատի ՀՀ գիտության կոմիտեում: Հոկտեմբերի 5-ին կայացավ Խանբեկյանի առաջին աշխատանքային հանդիպումը կոմիտեի աշխատակազմի հետ:
«ԻԳործ» ծրագրի համակարգող Հերմինե Հարությունյանը, անդրադառնալով ծրագրի նպատակներին ու խնդիրներին, կոմիտեի ախատակիցներին ներկայացրեց Միքայել Խանբեկյանին: Միքայելը ֆիզիկոս է, զբաղվում է քվանտային օպտիկայով, ավարտել է ԵՊՀ-ն, այնուհետ ուսումը շարունակել է ԱՄՆ-ում՝ Բոստոնի համալսարանում: Ծրագրին դիմելու ժամանակ աշխատավայրը Գերմանիայի Ռոստոկի համալսարանն էր, վերջնականապես հայրենադարձվելու նպատակ ունի: Նա նաև Գիտության կոմիտեի հետ համագործակցելու փորձ ունի. ընդգրկված է գիտական փորձաքննություն իրականացնող օտարերկրյա փորձագետների բազայում:
Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ողջունելով «իԳործ» ծրագրի գործունեությունը, համոզմունք հայտնեց, որ Միքայել Խանբեկյանը հաջողությամբ կինտեգրվի Գիտության կոմիտեի կոլեկտիվին և արդյունավետորեն կիրացնի իր ներուժը:
Միքայել Խանբեկյանն աշխատելու է կոմիտեի Գիտության քաղաքականության վարչության Գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնում, ինչը նշանակում է, որ մասնակցելու է գիտության ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի տարբեր ծրագրերի մշակման աշխատանքներին:
«Հույս ունեմ, որ տարբեր երկրներում գիտական աշխատանքս և գիտության ղեկավարման տարբեր համակարգերին ծանոթ լինելս օգտակար կլինի, ուրախ կլինեմ իմ փորձը ծառայեցնել հայրենիքիս»,—նշեց Խանբեկյանը: