Վանաձորում տեղի է ունեցել Համահայկական գիտաժողովը
Ս.թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կայացավ Համահայկական գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ գիտության կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համաֆինանսավորմամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: Գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել են նաև այլ կազմակերպությունների գիտնականներ։
Գիտաժողովի նպատակն էր խթանել գիտության զարգացումը, հանրապետությունում ստեղծել կապեր գիտահետազոտական ինստիտուտների ու համալսարանների գիտնականների միջև՝ նպաստելով միջգիտակարգային հետազոտությունների և միջառարկայական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Համահայկական գիտաժողովը ըստ էության Գիտական խմբերի մեկնարկի աջակցության և 2021 թ. կազմակերպված Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության և Առաջատար հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթների հրապարակային հաշվետվություն էր։ Հնգօրյա գիտաժողովի ընթացքում տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 90 մասնագետներ ներկայացրեցին իրենց հետազոտությունները՝ լսելով տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքներ:
Ինչպես նշեց գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ,, «իԳործ» ծրագրով ՀՀ գիտության կոմիտեում աշխատող Միքայել Խանբեկյանը, միջոցառումը կարևոր է որպես գիտնականների փորձի փոխանակում և կապերի ընդլայնում ու ստեղծում․ «Այն հնարավորություն տվեց, որ, օրինակ, ֆիզիկոսի աշխատանքը լսի քիմիկոսը, հասկանա, թե իր ուսումնասիրությունն ի՞նչ նոր ուղղվածություն կարող է ստանալ քիմիայի բնագավառում: Նման միջոցառումների արդյունքում ծնվում են նոր նախաձեռնություններ և համատեղ հետազոտություններ»։
Մտադրություն կա միջոցառումը դարձնել ամենամյա, անցկացնել տարբեր մարզային կենտրոններում և ընդլայնել մասնակիցների քանակը՝ հրավիրելով նաև երիտասարդ գիտնականների։
Գիտաժողովի մասին մանրամասները՝ տեսանյութից: