Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը՝ Երևանում
2023 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցավ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի երկրորդ հանդիպումը։
Համատեղ կոմիտեի հանդիպմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Անն Հագլունդ-Մորիսին՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալը։
Ողջունելով համատեղ կոմիտեի անդամներին՝ համատեղ կոմիտեի հայաստանյան համանախագահ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում կայացած առաջին հանդիպումից ի վեր՝ զգալի առաջընթաց է գրանցվել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում համագործակցության ոլորտում, սակայն անհրաժեշտություն կա հավելյալ քննարկելու ծրագրին ՀՀ մասնակցության հետագա խթանման միջոցները և գործիքները։
«Հայաստանը մի շարք էական բարեփոխումներ է իրականացրել բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, որոնցից մեկը պետական բյուջեից գիտության ֆինանսավորմանը հատկացվող միջոցների զգալի ավելացումն է, իսկ մյուսը Գիտության կոմիտեի վերակազմակերպման արդյունքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծումն է, որը թույլ կտա ապահովել կրթության և գիտության ոլորտների առավել արդյունավետ ինտեգրում՝ բերելով սիներգետիկ արդյունքների»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Տիկին Հագլունդ-Մորիսին ընդգծեց «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության զգալի առաջընթացը և դրական փոփոխությունները՝ նախորդ «Հորիզոն 2020» ծրագրի համեմատ (ներկա պահին ՀՀ մասնակցության քանակային ցուցանիշներն արդեն կազմում են «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության 2016-2020թթ․ ցուցանիշների 50%-ը), ինչն առավել հատկանշական է դառնում ներկայիս դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում, սակայն ծրագրին ՀՀ մասնակցությունը դեռևս կարիք ունի խթանման։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորեց հայաստանյան գիտական խմբերի՝ միջազգային գիտահետազոտական դրամաշնորհներին մասնակցության և մրցունակության բարձրացման հարցը, ինչպես նաև անդրադարձավ ԵՄ կազմակերպությունների՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին համարժեք հայաստանյան ծրագրերին փոխադարձ մասնակցության խթանման հարցին՝ ներկայացնելով ՀՀ գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների ներուժի ներգրավման ուղղված մրցույթները: Հայոցյանը անդրադարձ կատարեց նաև Ակադեմիական քաղաք ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորություններին, համատեղ Կոմիտեի առաջին հանդիպման արդյունքում ընդունված գործառնական եզրակացությունների, ինչպես նաև «Հորիզոն 2020» ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ-ում գիտության ոլորտի զարգացման քաղաքականությանը աջակցելու նպատակով ձևավորված առաջարկությունների իրագործման նպատակով ձեռնարկված քայլերին։
Հանդիպման օրակարգում էին նաև 2021-2023թթ․ Հորիզոն Եվրոպա ծրագրին ՀՀ մասնակցության արդյունքների քննարկումները և հետագա մասնակցության խթանման ծրագրերը։ Ներկայացվեցին Եվրոպական նորարական խորհրդի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև Եվրոպական հետազոտական տարածքի 2020թ․ քաղաքականության շրջանակներում իրականացվող որոշ միջոցառումներին ՀՀ մասնակցության հնարավորությունները, 2022թ․ Եվրոպական նորարարական օրակարգի և ԵՄ «Հետազոտությունների և նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապի ներդաշնակեցմանը, Հորիզոն Եվրոպա ծրագրերին մասնավոր կազմակերպությունների մասնակցության խթանմանը, Հետազոտությունների և նորարարության հարցերով ԱլԳ ոչ ֆորմալ աշխատանքային խմբի շրջանակներում ԵՄ-ՀՀ համագործակցությանը:
Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-ԵՄ համատեղ կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 15-17-ին՝ Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում։