«Համաշխարհային գիտության նոր դարաշրջանը»
Նոյեմբերի 16-ից 19-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը մեկնել էր Հունգարիա՝ մասնակցելու Գիտության համաշխարհային 5-րդ ֆորումի աշխատանքներին:
Ֆորումում քննարկվել են ժամանակակից գիտության հիմնական խնդիրները: Քննարկումների արդյունքներն ամփոփվել են «Համաշխարհային գիտության նոր դարաշրջանը» խորագիրը կրող հռչակագրում:
Ըստ հռչակագրի՝ 3-րդ հազարամյակի գիտությունն իր հետ առաջ է բերել նոր մարտահրավերներ ու հնարավորություններ, որոնք քաղաքական ու սոցիալական ասպարեզներում փոխել են գիտությանը վերապահված դերակատարության մասշտաբները: Նոր մարտահրավերների պայմաններում (բնակչության թվի աճը, կլիմայի փոփոխությունը, սննդի և էներգիայի պաշարների սակավությունը, տեխնոլոգիական և բնական աղետները, համաճարակները) անհրաժեշտ է, որ գիտության պատասխանատուները ստանձնեն նոր դերակատարություն, իսկ գիտական դիվանագիտությունը ծառայի որպես գործիք նշված ոլորտներում համաշխարհային մակարդակով ակտիվ համագործակցություն հաստատելու համար:
Գիտության ոլորտում տեղի ունեցող գլոբալացման պայմաններում այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է խթանել համալսարանների, հասարական ու արդյունաբերական կազմակերպությունների համագործակցությունը՝ ինչպես բուհական, այնպես էլ հետբուհական կրթության ոլորտներում:
Հռչակագրի կարեւոր դրույթներից է նաեւ գիտնականների ու հասարակության լայն շերտերի միջեւ երկխոսության ստեղծման, ոլորտում բարոյական եւ էթիկայի նորմերի պահպանման պահանջը՝ կապված հատկապես գենետիկայի, կենսատեխնոլոգիաների, նյարդաբանության, միջուկային ֆիզիկայի ոլորտների զարգացումների հետ:
Հռչակագրով սահմանվել են նաեւ համապատասխան առաջարկություններ:
Այցի ընթացքում Ս. Հարությունյանը մի շարք հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկել է համագործակցության հեռանկարներ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին