Քննարկումներ՝ ՄԳՏԿ աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում
Ս.թ. մայիսի 2-4-ը ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) հրավերով մեկնել էր Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` ՄԳՏԿ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվել են ՄԳՏԿ 2021 թվականի գործունեության արդյունքները, բյուջեն և այլ ընթացիկ հարցեր, ինչպես նաև ՄԳՏԿ գործունեության վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանը հակազդելու մեխանիզմները: Առաջարկվել է ՄԳՏԿ գործունեության վերաբերյալ ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով պատրաստել ՄԳՏԿ ֆինանսավորմամբ իրականացված հետազոտական ծրագրերի, վերապատրաստումների, իրավական նախագծերի մշակման աջակցության և այլ միջոցառումների մասին կարճ հաղորդագրություններ և տարածել դրանք անդամ- պետությունների ճյուղային գրասենյակների միջոցով` ստեղծելով համապատասխան տեղեկատվական կայքեր: Առաջարկվել է նաև ստեղծել կարճ տեղեկատվական տեսանյութեր, որոնք ապատեղեկատվության թիրախ խմբի համար կլինեն ճշգրիտ տեղեկատվության ավելի հասանելի աղբյուր:
ՄԳՏԿ գլխավոր տնօրեն Դեյվիդ Քլիվի հետ Սարգիս Հայոցյանի հանդիպման ժամանակ քննարկվել է ՄԳՏԿ-ի գիտական խորհրդատուների կոմիտեում Հայաստանի Հանրապետությունից գիտնական-փորձագետի ներգրավման հարցը: Ս. Հայոցյանն առաջարկել է նաև կառավարիչների խորհրդի առաջիկա նիստն անցկացնել Հայաստանում:
Գործուղման ընթացքում ՀՀ գիտության կոմիտեի նախագահը նաև առանձնազրույց է ունեցել Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան հետազոտությունների ազգային հիմնադրամի նախագահ Ջաբա Սամուշիայի հետ, ում հետ պայմանավորվել են երկու երկրների գիտնականների միջև համագործակցության զարգացման նպատակով հուշագիր կնքելու և դրա շրջանակներում համատեղ հետազոտական ծրագրեր իրականացնելու մասին: