Հանդիպում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նելս Սկոտը, ՄԱԿ ԵՏՀ ինովացիոն քաղաքականությունների մշակման բաժնի պատասխանատու Յակոբ Ֆեքսերը և այլք:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ ԵՏՀ-ի կողմից ստեղծված «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը, որի մշակման աշխատանքները սկսվել են 2022 թվականից։
Զեկույցի մշակման փուլում ՄԱԿ փորձագետները 2022 թվականին մի շարք այցելություններ են ունեցել Հայաստան` ոլորտը ուսումնասիրելու և շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ զեկույցում ներկայացվում են Հայաստանի ինովացիոն համակարգի հաջողությունները, հնարավորությունները և խոչընդոտները, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման միտումները։
Զեկույցի պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է հունիսի 7-ին:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով զեկույցի ստեղծման փուլում կատարած աշխատանքի համար, ընդգծել է տևական ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ սա երկու կողմերի փոխգործակցության նոր փուլի մեկնարկ է:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը գտնվում է ինտենսիվ բարեփոխումների փուլում. «2021 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունը գիտության ոլորտի զարգացման համար ամրագրել է շատ հստակ թիրախներ: Մասնավորապես, շարունակաբար՝ ամեն տարի, ավելացվում է գիտության ոլորտի ֆինանսավորումը: 2018 թվականի համեմատ՝ 2023 թվականին այդ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 150 %-ով: Սա էական ավելացում է և ուղղված է գիտության ոլորտում ենթակառուցվածքների արդիականացմանը, երիտասարդ գիտնականների ներգրավմանը, միջազգային համագործակցության որակի բարձրացմանն ու աշխարհագրության ավելացմանը: Գիտության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցող գիտնականների շուրջ 70 տոկոսը երիտասարդ է՝ մինչև 35 տարեկան»:
Մանրամասները՝ ԿԳՄՍՆ կայքից