Մեկնարկել է արտերկրի գիտնականների երկրորդ «PostDoc» ծրագրի հայտերի ընդունումը
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc» ծրագիր 2023/2» մրցույթը։
Այն իրականացվում է գիտության բոլոր բնագավառներով ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում արտերկրի գիտնականների ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը։
Մրցույթի նպատակներն են.
-
խթանել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը,
-
բարձրացնել Կազմակերպության ներուժը,
-
ներգրավել արտերկրի գիտնականների,
-
ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը,
-
բարելավել գիտական միջավայրը,
-
հիմք դնել նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը։
Նախագծերի իրականացման տևողությունը 12 կամ 24 ամիս է։
Հայտ կարող են ներկայացնել 1983 թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճանը 2010 թ․ հունվարի 1-ից հետո ստացած, վերջին 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի ՀՀ-ում չաշխատած ու չուսումնառած անձինք, որոնք նախագծի կատարման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ, ինչպես նաև բնակվեն Հայաստանի Հանրապետությունում: Հայտատուն, բացի այս մրցույթից, կարող է ընդգրկվել Կոմիտեի կողմից հայտարարված ևս մեկ մրցույթում, ինչպես նաև «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր» մրցույթներում որպես գիտական ղեկավար։
Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ունենա Կազմակերպության աշխատակից գործընկեր՝ գիտական և կազմակերպչական հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է postdoc-armenia-2023.scs.am առցանց համակարգի միջոցով մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):
Լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից (հեռախոս՝ (010) 210140 (ներքին 108), էլեկտրոնային փոստ՝ scexpert@scs.am):