ՀՀ ԳԱԱ-ում զեկույցով հանդես կգա պրոֆեսոր Միգել Ռոդրիգեսը
Ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում «Կերամիկական նյութեր. տեխնիկական կերամիկայից մինչև նանոնյութեր, ներառյալ հնագիտությունը» («Ceramics materials: From Technical Ceramics to Nanomaterials, including Archeology») վերտառությամբ զեկույցով հանդես կգա Մադրիդի Կերամիկայի և ապակու ինստիտուտի պրոֆեսոր Միգել Ռոդրիգեսը։
Միգել Ռոդրիգեսը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված «Կենսակերամիկա՝ ոսկրային վերականգնող հարմարեցված ադիտիվային տեխնոլոգիայով պատրաստվող իմպլանտների համար» թեմայի արտասահմանյան ղեկավարն է։
Զեկույցը նվիրված է լինելու Մադրիդի Կերամիկայի և ապակու ինստիտուտում իրականացվող հետազոտություններին, մասնավորապես՝ կերամիկական նյութերի հատկությունների ստացման եղանակների և նրանց հատկությունների ուսումնասիրությանը։ Զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարվելու կերամիկական նյութերի նշանակությանը մարդաբանության կամ հնագիտության ոլորտների համատեքստում:
Զեկուցման լեզուն անգլերենն է։ Մուտքն ազատ է: