ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը վերաճանաչվել է ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք

06.12.2023

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտաապետության և շինարարության Հայաստանի ազգային  համալսարանի վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը ու բարեփոխումները՝ վերաճանաչել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Այն վավեր է 2023-ից մինչև 2027-ը ներառյալ: 

Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն ծավալել որպես աշխատող, ինչպես նաև գրանցվել մասնագիտական դասընթացի  «ճարտարապետի պետական դիպլոմ ունեցող սեփական նախագիծ իրականացնելու լիցենզիա» ստանալու համար: Պետության կողմից շնորհված այս լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել ճարտարապետի մասնագիտական գործունեություն: Այն  ստանալու համար վերապատրաստումը կարելի է իրականացնել Ֆրանսիայի ազգային բարձրագույն ճարտարապետական որևէ դպրոցում, Փարիզի ճարտարապետական հատուկ դպրոցում և Ստրասբուրգի կիրառական գիտությունների ազգային ինստիտուտում: Այլ կերպ ասած ճարտարապետները իրենց մասնագիտական գործունեությունը լիիրավ կարող են շարունակել իրականացնել Ֆրանսիայում իրենց գործընկերների իրավունքներին հավասարազոր: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության կողմից ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը ստացել է պետական ճանաչում 1994 թ-ից, որը ըստ սահմանված կարգի 5 տարին մեկ անցնում է վերաճանաչման գործընթաց։  

Մանրամասն՝ ՃՇՀԱՀ կայքից