Կոմիտեում կգործի քննարկումների մշտական հարթակ
Գիտության կոմիտեն, հանդիսանալով ոլորտում պետական քաղաքականության պատասխանատուն, հայտարարում է գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի ստեղծման մասին:
2018 թ. սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը Գիտության կոմիտեի նիստերի դահլիճում կազմակերպվելու են գիտության ոլորտին նվիրված քննարկումներ՝ կոմիտեի նախագահի կամ նախագահի տեղակալի ղեկավարությամբ:
Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկություններ, դիտողություններ և/ կամ բողոքներ ունենալու դեպքում ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին: Դուք կարող եք ձեր նպաստը բերել ինչպես գիտության բարեփոխումների շրջանակներում մշակված ծրագրերի ներդրման մեջ, այնպես էլ գոյություն ունեցող ծրագրերն ու նախաձեռնությունները բարելավելու և նորերը մշակելու գործում:
Միաժամանակ հայտարարում ենք. հաշվի առնելով, որ 2018 թ. հունիսի սկզբներին ամփոփված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հերթական մրցույթի հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառների արդյունքները դժգոհություններ են առաջացրել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, մենք պատրաստ ենք քննարկել նաև մրցույթի արդյունքներին վերաբերող բոլոր դիմումները, բողոքները և համապատասխան նյութերը, ինչպես նաև ներկայացված բողոքների և նյութերի հիման վրա կազմակերպել լրացուցիչ քննություն՝ իր համապատասխան հետևանքներով: Ինչի համար կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին մինչև հուլիսի 20-ը նշված մրցույթի արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում այն ներկայացնել Գիտության կոմիտե:
Գիտության կոմիտե