ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրային քննարկում. փոփոխություններ և լրացումներ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքներում

07.02.2023

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:

Նախագծերով  հստակեցվում են բարձրագույն կրթության և  գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը: Հիշեցնենք, որ ներկայումս շրջանառության մեջ է գտնվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում պետական միասնական քաղաքականության ապահովմանը, և վերջինիս իրականացման համար ևս անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ: Սրան զուգահեռ, գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական քաղաքականությունը միտված է աստիճանաշնորհման գործընթացի վերանայմանը և դեպի բուհական համակարգ տեղափոխելուն, ինչի արդյունքում փոփոխվելու են աստիճանաշնորհման ընթացակարգերը և նվազեցվելու է գործընթացում պետության ներգրավվածության աստիճանը:

Վերոնշյալ գործառույթները նոր ձևավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին փոխանցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում:

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծով նաև առաջարկվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ: Մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող», «գիտական դրամաշնորհ» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները, ոլորտի ֆինանսավորման «պայմանագրային (թեմատիկ)» ձևի անվանումն առաջարկվում է փոխել «գիտական դրամաշնորհային» ձևակերպմամբ` այն համապատասխանեցնելով ֆինանսավորման ձևի էությանը:

Նոր նախագծով նաև կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը: Այսպիսով պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել միայն պետական ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու/մնալու համար: Իսկ 70 տարին լրացած և պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց նախատեսվում է կենսաթոշակից բացի տրամադրել ամենամսյա հավելավճար` գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: Փոփոխությունների նպատակը  որոշակի սոցիալական երաշխիքների և հիմքերի ստեղծումն է` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:

Նախագծով նախատեսվում է գիտական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման ընթացքում ֆինանսավորումը կազմակերպել միջազգային շարժունության ծրագրերի նմանությամբ` ֆինանսական աջակցությամբ (scholarship):

Նախագծով նաև լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը:

Ակնկալվում է, որ նախագծերի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտները կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի ոլորտների առաջընթացին և դինամիկ զարգացմանը:

 

Նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ըներառյալ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5341 կամ «Հանրային քննարկումներ» բաժնում

կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):

Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 14.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):