ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Բուժական գործ» կրթական ծրագրերի WFME միջազգային հավատարմագրման հավաստագիրը հանձնվեց ԵՊԲՀ-ին

07.03.2024
image descriptionimage descriptionimage description

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերին շնորհված WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային 7-ամյա հավատարմագման հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի հոգաբարձուների նախագահը, այլ հյուրեր, ինչպես նաև հավաստագիրը հանձնելու համար Վրաստանից Հայաստան ժամանած ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, դոկտոր Արմեն Մուրադյանը։ Ողջունելով ներկաներին՝ նա ընդգծեց, որ տասնյակ տարիների աշխատանքը՝ ուղղված բուհի միջազգայնացմանը, այսօր կարող են ամփոփել։

Նա հիշեցրեց ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը, ըստ որի՝ ՀՀ բուհերը միջազգային ճանաչում պետք է ունենան, և դա պետք է թվայնացված արտացոլում ունենա։

«Աշխարհում գործող գրեթե 4000 բժշկական հաստատություններից միայն 10%-ը, այսինքն՝ 400 բուհ ունի այս հավաստագիրը։ Եվ մենք ճանաչելի ենք, մեր կատարած ծրագրերը և հարթակները ճանաչելի են, մեր շրջանավարտները ընկալելի են իրենց ավարտական փաստաթղթով, իրենց գիտելիքներով և հմտություններով։ Ես համոզված եմ՝ այսօրվա իրադարձությունը մեծ հնարավորություններ և մարտահրավերներ է բացում մեր շրջանավարտների առջև»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Մուրադյանի խոսքով` երբ իրականացնում էին այս ծրագիրը, բուհում ունեին 1 երկրից՝ Հնդկաստանից մինչև 80% ուսանողներ, իսկ այսօր երկրների բազմազանությունը հասնում է մինչև 35-ի։

Ռեկտորն ընդգծեց, որ սա վերջին ձեռքբերումը չէ, սա մարտահրավեր է, տրամպլին։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը իր ելույթում շնորհավորեց ներկաներին՝ շեշտելով, որ նշանակալից իրադարձության են ականատես, ինչը առաջին հերթին վկայում է ԵՊԲՀ թիմի տարիների հետևողական աշխատանքի մասին։

«Շատ կարևոր է նաև գնահատել այդ աշխատանքը և ստանալ այդ աշխատանքի գնահատականը այն հավաստագրի տեսքով, որն այսօր փոխանցվեց։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ հետևողական, որակյալ և անխոնջ աշխատանքի համար, որը ինչպես միշտ տալիս է իր արդյունքը։ Եվ կարևոր է գիտակցել, որ բոլոր դժվարությունները հաղթահարվում են և տալիս են այն սպասված ցուցանիշները, որոնք առաջ են մղում համալսարանին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծեց, որ բժշկական ոլորտում կրթության առանձնահատկությունների համատեքստում էլ ավելի կարևոր է այս արդյունքը, քանի որ այդ տարբերությունների ու առանձնահատկությունների մեջ լինել ճանաչելի, գնահատված և ընդունված, նշանակում է, որ մի բան անփոփոխ է, և դա որակն է, և որ այդ որակը ճանաչվում և ընդունվում է այն չափանիշների ու համակարգի միջոցով, որն այդքան հեղինակավոր է, և որտեղ լինելը արդեն պատիվ է։

«Եվ ՀՀ կառավարությունը իհարկե մեծապես կարևորում է այս ջանքերը և շարունակելու է հետևողականորեն աջակցել։ Ինչպես պարոն ռեկտորը նշեց, կրթության ռազմավարության կարևոր մի նախապայման է մեր բուհերի որակի բարձրացումը և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն ունենալը։ Եվ այդ իմաստով, կարծում ենք, համալսարանը և այն ճանապարհը, որ իրականացվում է, միանշանակ ճիշտ ուղղությամբ է, և մենք էլ մեր կողմից նպաստելու ենք, որ այդ քայլերը լինեն էլ ավելի ոգևորող և էլ ավելի տեսանելի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նշենք, որ բժշկական համալսարանին հավաստագիրը շնորհվել է NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի կողմից: 90.000 փաստաթղթից կազմված ԵՊԲՀ փաթեթը գնահատվել է հինգ բաղադրիչով: