Հանրային լսում՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծման մասին
Ապրիլի 7-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային լսում:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը պատասխանեց հանրային լսման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին որոշման արդյունքում ստեղծվելիք հիմնադրամի կազմին ու գործառույթներին, ինչպես նաև ակադեմիական քաղաքին տրամադրվելիք տարածքին:
Կոմիտեի նախագահը նշեց, որ ստեղծվելիք հիմնադրամը պետք է կազմակերպի, համակարգի և վերահսկի ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները:
Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը լինելու է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ որի նախագահն ի պաշտոնե լինելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Գիտության կոմիտեի նախագահը, Արդարադատության նախարարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ֆինանսների նախարարը, Կադաստրի կոմիտեի ղեկավարը, և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։
Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու է հիմնադրամի տնօրենը: Նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արմեն Վարդգեսի Սիմոնյանին, որը կրթական ծրագրերի և հողային իրավունքի խնդիրների ոլորտներում փորձ ունեցող մասնագետ է: Հիմնադրամի գտնվելու վայրը Աշտարակն է:
Հանրային լսման մասնակիցները իրենց մտահոգությունը հայտնեցին բուհերի և գիտական կազմակերպությունների տեղափոխման, ինչպես նաև ապագա ակադեմիական քաղաքի տարածքում գտնվող շինությունների հնարավոր օտարման արդյունքում հնարավոր խնդիրների մասին: Ս. Հայոցյանը վստահեցրեց, որ որևէ կազմակերպություն չի տեղափոխվի իր զբաղեցրած տարածքից, և որևէ շինություն չի քանդվի, քանի դեռ ակադեմիական քաղաքում նրան համապատասխան շինություն չի հատկացվել:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5537, կամ ուղարկելով Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):