ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվեցին առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների մրցույթի հետ կապված հարցեր

10.05.2021
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Մայիսի 6-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչները պատասխանեցին Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի հետ կապված հարցերին: 

Ինչպես հանդիպման բացման ժամանակ նշեց Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Գիտության կոմիտեի նպատակն է դրամաշնորհների միջոցով ապահովել գիտությամբ զբաղվող և գիտական արդյունք ստեղծող մարդու աշխատանքի շարունակականությունը իր գիտական ուղու բոլոր փուլերում՝ սկսած բուհից մինչև առաջատար գիտաշխատող: Այդ փիլիսոփայությանն են միտված Կոմիտեի հայտարարած նոր մրցույթները՝ ուղղված գիտական նոր խմբերի, լաբորատորիաների և բաժինների ստեղծմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև առաջատար հետազոտությունների իրականացմանը»: 

Կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը համապատասխան տեսաշարի միջոցով ներկայացրեց մրցույթի մանրամասները, իսկ Գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Հարություն Սարգսյանն անդրադարձավ Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման https://grants.scs.am/ համակարգից օգտվելու կարգին:

Քանի որ Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթը նոր է և աննախադեպ տրամադրվող գումարի, թեմայի տևողության և խմբերում ներգրավված գիտաշխատողների առումով, մրցույթի պայմանների վերաբերյալ հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնցից մի քանիսը ներկայացվում են ստորև.

Հարց. Կարո՞ղ են արդյոք թեմայի ղեկավարը և կատարողները միաժամանակ լինել և՛ Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթի, և՛ Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի շահառուներ։

Պատասխան. Ոչ, միևնույն անձը չի կարող միաժամանակ լինել նշված երկու մրցույթների շահառու: Այն անձինք, որոնք այս պահի դրությամբ արդեն դիմել են 2020 թվականի դեկտեմբերի 25-ին հայտարարված թեմատիկ ֆինանսավորման մրցույթին, կարող են դիմել նաև Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթին, սակայն վերջինիս արդյունքում ֆինանսավորման երաշխավորվելու դեպքում դուրս կմնան Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի հայտերի գնահատականների վերջնական վարկանիշային ցանկից: Այդ նկատառումներից ելնելով, 2021թ.-ին Թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:

Հարց. Կարո՞ղ են արդյոք Կոմիտեի երկու այլ մրցույթներում ներգրավված անձինք դիմել այս մրցույթին:

Պատասխան. Կարող են, բացառությամբ այն դեպքերի, եթե 2020 թ. հուլիսի 16-ին հայտարարված «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» և «Գիտական խմբերի մեկնարկի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթների շահառուներ են կամ 2021 թ. ապրիլի 27-ին  հայտարարված և դեռևս հայտերի ընդունման փուլում գտնվող «Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների  hայտերի ընտրության» մրցույթի հայտատուներ: Նշված դեպքերում հայտերի և հաշվետվությունների ընդունման https://grants.scs.am/  համակարգը գրանցման հնարավորություն չի տա: Խմբի անդամները և ղեկավարը նաև չեն կարող ընդգրկվել այս մրցույթին ներկայացված մեկից ավելի հայտերում:

Հարց. Կարո՞ղ են արդյոք մրցույթին ներկայացվող թեմաները համընկնել կազմակերպության կողմից իրականացվող բազային ֆինանսավորման ծրագրերին:

Պատասխան. Ոչ, հայտը չի քննարկվում, եթե միաժամանակ ներկայացված է Կոմիտեի կողմից անցկացվող այլ մրցույթների և բովանդակությամբ համընկնում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կամ ֆինանսավորված որևէ այլ թեմայի/ծրագրի հետ:

Հարց. Արդյո՞ք նախատեսվում է աշխատանքի վարձատրություն միջազգային գործընկերոջ համար:

Պատասխան. Ոչ, հրավերի պայմաններով նման վարձատրություն նախատեսված չէ: Դրամաշնորհի շրջանակներում նախահաշվի «Գործուղումներ» ենթահոդվածով նախատեսվող գումարը կարող է օգտագործվել Գործընկերոջ՝ Հայաստան այցելության կամ այցելությունների (5 տարվա մեջ՝ գումարային 30 օր) գործուղման ծախսերը հոգալու համար:

Հարց. Արդյո՞ք միջազգային գործընկերոջ հետ համատեղ գիտաժողովներին, այդ թվում՝ առցանց, մասնակցությունը կարող է համարվել մրցույթի հրավերի 2.14. կետով սահմանված պահանջի կատարում:

Պատասխան. Ոչ, թեմայի իրականացման ամբողջ ժամանակահատվածում (60-ամսյա կտրվածքով)  գործընկերը պետք է ընդհանուր առմամբ առնվազն 30 օր գտնվի ՀՀ-ում, ինչպես նաև ընդհանուր առմամբ առնվազն 30 օր իր ներկայացրած գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներից մեկին կամ մի քանիսին: Այցելությունների քանակը, տևողությունը և գործուղվող անդամների թիվը կողմերի հայեցողությամբ է: Կողմերի գիտական կազմակերպություններից դուրս տեղի ունեցած կամ առցանց անցկացված գիտաժողովներին մասնակցությունը փոխադարձ այցելություն չի համարվի:

Հարց. Արդյո՞ք թեմայի միջազգային գործընկերը կարող է միաժամանակ լինել Կոմիտեի կողմից ֆինանսավորվող այլ թեմայի կամ նախագծի օտարերկրյա խորհրդատու:

Պատասխան. Այո, կարող է:

Հարց. Կարո՞ղ է արդյոք ուսանողը որպես կատարող ներգրավվել խմբում:

Պատասխան. Խմբի կատարողները պետք է լինեն առնվազն մագիստրատուրայի ուսանող կամ դիպլոմավորված մասնագետ: Բացի այդ, թեմայի մեկնարկից 12 ամիս անց հնարավոր կլինի ավելացնել խմբի անդամների թիվը մինչև երկու կատարողով, որոնք պետք է լինեն թեմային առնչվող մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսանող, իսկ հնգամյա կրթության դեպքում՝ չորրորդ կամ հինգերորդ կուրսի ուսանող: Վերջիններիս վարձատրելու համար Կոմիտեն լրացուցիչ միջոցներ կհատկացնի՝ յուրաքանչյուր ուսանողի համար ամսական առավելագույնը 150 հազար ՀՀ դրամի չափով:

Հարց. Արդյո՞ք կրթական կամ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված միջազգային դրամաշնորհները հաշվի կառնվեն հրավերի 4.2.3. կետով պահանջվող արդյունքը գնահատելիս (30 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմում):

Պատասխան. Ոչ, կդիտարկվեն միայն գիտական դրամաշնորհների դիմումները:

Հարց. Նախատեսվո՞ւմ է արդյոք մրցույթի արդյունքների բողոքարկման փուլ:

Պատասխան. Ոչ, բողոքարկման փուլ նախատեսված չէ:

Հարց. Արդյո՞ք մրցույթը կլինի ամենամյա:

Պատասխան. Մրցույթը կլինի շարունակական, սակայն ոչ ամենամյա՝ հաշվի առնելով մրցույթի ծավալը, տևողությունը և մուտքային պայմաններին բավարարող թեմաների քանակը:

Հարց. Ի՞նչ ձևաչափով է իրականացվում հարցազրույցի փուլը:

Պատասխան. Ի տարբերություն հայտերի գիտական փորձաքննության, որն ավելի նեղ մասնագիտական է, հարցազրույցի փուլը ենթադրում է թեմայի ընդհանուր բովանդակության և ապագայի տեսլականի ներկայացում: Հարցազրույցի փուլի գնահատման չափանիշները մշակվում են մրցույթի Մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից՝ Կոմիտեի հետ համատեղ:

 

Մրցույթի պայմանների վերաբերյալ տեսաշար