«Մասնագիտական վերապատրաստում 2025»․ մեկնարկել է հայտերի ընդունումը

Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Այն նպատակ ունի նպաստել հայաստանյան կազմակերպությունների գիտական ներուժի զարգացմանը, օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը։
Մրցույթին մասնացելու հայտը, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ներառում է նաև գիտական նախագիծ, որը պետք է նպաստի հայտատուի մասնագիտական աճին։ Հայտատու կարող են լինել հետևյալ 3 խմբերի ՀՀ քաղաքացիները կամ ռեզիդենտները․
- մագիստրատուրայի ուսանողներ՝ ընդգրկված բազային ֆինանսավորման որևէ ծրագրում (Խումբ 1),
- 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտներ կամ հայցորդներ, որոնք կազմակերպությունում ձևակերպված են որպես հայցորդ Մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ (Խումբ 2),
- 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք Կազմակերպության հետ ունեն աշխատանքային պայմանագիր (Խումբ 3)։
Վերապատրաստման տևողությունը կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:
Ընդունող կազմակերպությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է անցկացնել վերապատրաստումը, պետք է պաշտոնապես հաստատի hայտատուին ընդունելու մտադրությունը։ Բացի դրանից՝ հայտատուն նշված կազմակերպությունում պետք է ունենա գիտական աստիճան ունեցող մենթոր։
Ֆինանսավորման առավելագույն չափը մագիստրատուրայի ուսանողների (Խումբ 1) և ասպիրանտների կամ հայցորդների (Խումբ 2) դեպքում կարող է լինել 10.600.000 ՀՀ դրամ, մյուսների դեպքում՝ 11.800.000 ՀՀ դրամ 12 ամսվա համար:
Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ․ հունիսի 20-ն է: Հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը թղթային տարբերակով Կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ) մինչև 2025 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
Արդյունքների ամփոփումը նախատեսվում է 2025 թ․նոյեմբերին։
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 18:00, հեռ.` +374 10 30 01 09 (830):