Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը:
Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը:
Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար:
Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է և այդ համատեքստում կարևորել համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները: