Շնորհակալական նամակ՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից
Նոյեմբերի 7-ին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ստացել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանից, որով նա շնորհակալություն է հայտնում ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի կողմից Երուսաղեմում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին օժանդակելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ գիտության կոմիտեից տրվող բազային ֆինանսավորման շրջանակներում գործող ԵՊՀ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանն ուսումնասիրում է հայ ժողովրդի համար բացառիկ արժեք ներկայացնող, մասնավորապես Համշեն գավառին վերաբերող վավերագրերը, հարկային մատյանները և այլ փաստաթղթեր: Ծրագրի շրջանակներում Լ. Սահակյանը թվայնացրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանում պահվող, Հայոց ցեղասպանության վերաբերյալ մոտ 26 000 էջ արխիվային նյութեր, ինչպես նաև կազմել դրանց մի մասի նկարագրական ցանկը:
Լուսինե Սահակյանի գիտահետազոտական աշխատանքը խիստ կարևորում և նրան աջակցում է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը:
Գիտահետազոտական աշխատանքներից բացի Լուսինե Սահակյանը հանդես է եկել նաև դասախոսություններով և սեմինարներով Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի սաների համար: