Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի հայտերի ընդունումը
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում։
Սույն մրցույթը մեկտեղում է նախկինում հայտարարված Գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի hայտերի ընտրության և Գիտական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթները։
«Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթը, որն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով, ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը:
Մրցույթը նպատակ ունի օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, նպաստել հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական տարածքում, ներգրավել Սփյուռքի գիտական ներուժը, նպաստել գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը:
Մրցույթին մասնացելու հայտը, ի թիվս մի շարք փաստաթղթերի, ներառում է նաև գիտական նախագիծ, որը պետք է նպաստի հայտատուի մասնագիտական աճին, ինչպես նաև արտերկրի լավագույն գիտական կազմակերպությունների փորձն ու հմտությունները յուրացնելուն։
Հայտատուն, որը պետք է հանդիսանա ՀՀ քաղաքացի, կարող է լինել՝
- մագիստրատուրայի ուսանողը, որն ընդգրկված է բազային ֆինանսավորման որևէ ծրագրում,
- 1989թ․ հունվարի 1-ից հետո ծնված ասպիրանտը կամ հայցորդը, որը կազմակերպությունում ձևակերպված է որպես հայցորդ մրցույթին դիմելու վերջնաժամկետից առնվազն մեկ տարի առաջ,
- 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված, գիտական աստիճան ունեցող և գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձը, որը Կազմակերպության հետ ունի աշխատանքային պայմանագիր։
Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Վերապատրաստման տևողությունը, ի տարբերություն նախկինում հայտարարված մրցույթների, կարող է լինել 2-ից մինչև 12 ամիս:
Ընդունող կազմակերպությունը, որտեղ հայտատուն պատրաստվում է անցկացնել վերապատրաստումը, պետք է պաշտոնապես հաստատի hայտատուին ընդունելու մտադրությունը։ Բացի դրանից՝ հայտատուն նշված կազմակերպությունում պետք է ունենա գիտական աստիճան ունեցող մենթոր։
Ֆինանսավորման առավելագույն չափը մագիստրատուրայի ուսանողների և ասպիրանտների կամ հայցորդների դեպքում կարող է լինել 10.600.000 ՀՀ դրամ, մյուսների դեպքում՝ 11.800.000 ՀՀ դրամ 12 ամսվա համար:
Մրցույթին մասնակցելու հայտը անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել Կոմիտեի հայտերի և հաշվետվությունների grants.hesc.am համակարգի միջոցով։
Վերջնաժամկետը 2024թ․ հունվարի 26-ն է՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ն։ Արդյունքները կամփոփվեն մինչև 2024թ․ մայիսի 1-ը։