Հանրային քննարկման է դրվել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նշված կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները:
Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար և այլևս ընդգրկված չեն ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:
Նախագծով գիտական աստիճանի համար ամենամսյա վճարի չափը սահմանվում է ցմահ, գիտական աստիճանի համար տրամադրվող ամենամսյա հավելավճարների չափով՝ գիտությունների դոկտորի համար՝ 50 000, գիտությունների թեկնածուի համար` 25 000 ՀՀ դրամ:
Դեռևս 2000 թվականին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: Համապատասխան կարգ, սակայն, մինչ օրս սահմանված չէ, չնայած հարցը երկար տարիներ և բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարությունում:
Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշխատողների որակավորման բարձրացումը, գիտնականների սոցիալ տնտեսական պայմանների բարելավումը և գիտության ֆինանսավորման բարձրացումը ոլորտի երիտասարդացման և մրցունակության բարձրացման հիմնական գործիքներն են և բխում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից:
Նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը ներառյալ` «Հանրային քննարկումներ» բաժնում, կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/4206, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):
Նախագծի վերաբերյալ կկազմակերպվի նաև հանրային լսում, որը նախատեսված է ս.թ. ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ):