Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Գործադիրի այսօրվա նիստին հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Մասնավորապես, ՀՀ կառավարության 2025թ․ մայիսի 8-ի N544-Ն որոշմամբ նախատեսվում է 2025-2026 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել 220 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 20.8 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 221 տեղ՝ ընդհանուր տեղերի 20.9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 94 տեղ՝ ընդհանուր տեղերի 8.9 %-ը (ընդամենը՝ 50,6%):
Նպատակ ունենալով կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրերով մասնագետների պատրաստման գործընթացը՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր են հատկացվել հետևյալ մասնագիտություններով կրթական ծրագրերին․
- համակարգչային գիտություններ,
-մաթեմատիկա,
- ֆիզիկական գիտություններ,
- կենսաբանական գիտություններ,
- գյուղատնտեսություն,
- անտառային տնտեսություն,
- անասնաբուժության,տվյալագիտություն,
- ավիացիոն և հրթիռային տեխնիկա,
- գեոմատիկա,
- ծրագրային ճարտարագիտություն,
- շինարարական ճարտարագիտություն,
- լոգիստիկա,
- տեղեկատվական համակարգեր,
- տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- տեղեկատվական անվտանգություն:
Միաժամանակ, 4-ական անվճար տեղեր են հատկացվել «Արևելագիտություն» մասնագիտության «Ադրբեջանագիտություն» և «Կովկասագիտություն» մասնագիտության «Վրացագիտություն» կրթական ծրագրերին, որոնց գծով ուսումնառությունը կկազմակերպվի Երևանի պետական համալսարանում:
Որոշման համաձայն՝ մագիստրատուրայի 2025-2026 ուստարվա ընդունելության անվճար տեղերի ցանկը լրացվել է նոր կրթական ծրագրերով, որոնցից են՝ «Ֆիզիկա» մասնագիտության «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» ԿԾ-երը, «Աշխարհագրություն» մասնագիտության «Ջրաօդերևութաբանություն» ԿԾ-ը, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության «Ցեղասպանագիտություն» ԿԾ-ը, «Զբոսաշրջություն» մասնագիտության «Կրոնական զբոսաշրջություն» ԿԾ-ը, «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտության «Միջազգային իրավունք» ԿԾ-ը, «Մետալուրգիա» մասնագիտության նույն ԿԾ-ը, «Գեոմատիկա» մասնագիտության «Գեոդեզիա և կադաստր» ԿԾ-ը, «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» և «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» ԿԾ-երը, «Հոգեբանություն» մասնագիտության «Գործնական հոգեբանություն» ԿԾ-ը, «Իրավագիտություն» մասնագիտության «Քրեական իրավունք և դատավարություն» և «Գործարարական իրավունք» ԿԾ-երը, «Քաղաքագիտություն» մասնագիտության «Ազգային անվտանգություն» և «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ԿԾ-ը, «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության նույն ԿԾ-ը, «Կենսաբանություն» մասնագիտության «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» ԿԾ-ը:
Այսպիսով, 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ։ Պահուստային տեղերի քանակը 7-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին: