ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ձեռք կբերվի ընդհանուր 2,85 միլիարդ դրամ արժողությամբ 41 սարք և սարքավորում՝ գիտական կենտրոնների արդիականացման համար

08.11.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ նոյեմբերի 07-ի N 2326-Ա/2 հրամանով հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման համար 2023 թ. հունիսի 1-ին հայտարարված մրցույթի շահառուների ցանկը:

Մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ:

Գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 2024 թվականի պետական բյուջեի միջոցներով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այնուհետև գնված սարքերը տրամադրելու են հայտ ներկայացրած կազմակերպությանը, սակայն վերջինիս կողմից մշակվելիք ընթացակարգերով հասանելի են դառնալու հայտում ընդգրկված բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝ համատեղ օգտագործման համար:

Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև պետք է Կոմիտե ներկայացնի միջանկյալ և ամփոփիչ հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ:

Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև շահագրգիռ կազմակերպությունների հիմնավորումները և համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և հնարավոր եկամուտները, կազմակերպությունում սարքի/սարքավորման հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների առկայությունը և այլն:

Մրցույթի շահառուների ցանկը