Քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները
Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Ալի Ռեզա Քուհքանի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում և ընդգծել է՝ համատեղ ծրագրերը կարող են նպաստել Հայաստանում սովորող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թվի ավելացմանը․ «Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարության թիրախներից մեկը բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրացի ուսանողների ավելացումն է: Կցանկանանք մեր երկրում տեսնել իրանցի ուսանողների, հատկապես որ ներկայում ինտենսիվ բարեփոխումներ են ընթանում բարձրագույն կրթության և գիտության ոլորտում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ակադեմիական քաղաքի նախագիծը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայր։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մանրամասները՝ escs.am