ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Գենդերային զգայուն բյուջետավորում» թեմայով քննարկում կոմիտեում

25.02.2020

Փետրվարի 25-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ ԵՄ փորձագետների հետ աշխատանքային քննարկում ՝ «Գենդերային զգայուն բյուջետավորում» թեմայով: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական աջակցություն գենդերային զգայուն բյուջետային ֆինանսավորմանը» ծրագրի շրջանակներում: ԵՄ փորձագետներ Կատրին Շնայդերը և Նինա Հաջոյանը ներկայացրեցին գենդերային զգայուն ֆինանսավորման էությունը, բյուջետային ծրագրերի և միջոցառումների մշակման ժամանակ գենդերային հավասարության խնդիրները հաշվի առնելու կարևորությունը: Նշվեց, որ ցանկացած ոլորտ ֆինանսավորելիս անհրաժեշտ է գնահատել և հաշվի առնել ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց սեռային առանձնահատկություններով պայմանավորված կարիքները՝ բոլորի համար ոլորտում ներգրավվելու հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով: ԵՄ փորձագետները ներկայացրեցին նաև եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև կանանց՝ գիտության ոլորտում ներգրավվածության վերաբերյալ թվային տվյալներ:

Ծավալված քննարկումների ժամանակ Գիտության կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ մեր երկրում 2019 թ. տվյալներով գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ընդհանուր քանակի ավելի քան 52 տոկոսը կանայք են: Կանանց թիվը համեմատաբար փոքր է գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում (շուրջ 25 տոկոս), և այդ բացը լրացնելու համար Գիտության կոմիտեն առաջիկա ծրագրերում նախատեսում է գիտության ոլորտում կին ղեկավարների թվի ավելացմանն ուղղված միջոցառումներ: