ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան

09.01.2025
image descriptionimage description

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2024 թվականին իրականացված աշխատանքները:

Ի թիվս այլ ոլորտների, անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում 2024թ․ իրականացվող բարեփոխումների ընթացքին, ներկայացվել են ամփոփիչ ցուցանիշներ։

Բարձրագույն կրթություն

Բուհական կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին անդրադառնալիս Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական ծրագիրը բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման բարեփոխումն է, որը արտացոլված է նաև Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծում, որն այժմ շրջանառվում է:

Ձևավորված են «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքային խմբերը, որոնք աշխատում են մի քանի ուղղությամբ:

««Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի մշակման աշխատանքներն իրականացվել են գերմանական ճարտարապետական հեղինակավոր GMP ընկերության կողմից: Ընթացքում են նախապատրաստական մյուս աշխատանքների պայմանագրերը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ»,- ասել է նախարարը։

Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։

«ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով 135 ուսանողի տրամադրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Այս ուղղություններով պետական պատվերով ընդունելությունը նախորդ ուսումնական տարվա համեմատ աճել է 5%-ով: Բուհերի հետ քննարկվում են տարկետման ցանկի հնարավոր բարեփոխումներն ու վերանայումները»,- հայտնել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա իրազեկմամբ՝ էապես փոխվել են ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների ընդունելության, ակադեմիական շարժունության կարգերը՝ մեծացնելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, տվյալների հավաստիության ստուգելիությունը՝ նախատեսելով նաև գործընթացի իրականացումը էլեկտրոնային հարթակի միջոցով։ 2024-2025 ուսումնական տարում օտարերկրյա դիմորդների թվաքանակը ՀՀ ուսումնական հաստատություններ կազմել է 1599 (36.7%-ով ավելի նախորդ տարվանից):

Գիտություն

Շարունակվել է նաև գիտական աշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը, ինչի արդյունքում 2018-2021 թվականներին գիտական աշխատողների յուրաքանչյուր տարակարգի միջին աշխատավարձի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է աշխատավարձի ավելացում 78%-ից մինչև 267%:

Նախարարի տեղեկացմամբ՝ գիտության ոլորտի (ներառյալ ռազմարդյունաբերությունը) ֆինանսավորումը կազմել է շուրջ 40 մլրդ ՀՀ դրամ՝ 2023 թվականի ֆինանսավորման չափից 4 մլրդ ՀՀ դրամով ավելի: 2018 թվականի 14.3 մլրդ ՀՀ դրամի համեմատ 2024 թվականին ոլորտի ֆինանսավորումը ավելացել է 25.9 մլրդ ՀՀ դրամով՝ շուրջ 2.8 անգամ: Նախարարի գնահատմամբ՝ ըստ այդմ բարձրացել է նաև ոլորտի մրցունակությունը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում իրականացվող տարիների աշխատանքի արդյունք է նաև այն, որ էապես բարձրացել է նաև գիտական աշխատանքի միջազգային մրցունակությունը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրի շրջանակում 2024 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ կողմից ներկայացվել է ընդհանուր թվով 144 հայտ (կրկնակի ավելի նախորդ տարվա համեմատ), կնքվել է ֆինանսավորման ևս 7 պայմանագիր՝ պայմանագրերի ընդհանուր թիվը հասցնելով 17-ի՝ 7.58 մլն եվրո ընդհանուր բյուջեով, որը գերազանցում է նախորդ տարվա բյուջեն 2.4 անգամ:

Գիտության ոլորտի աջակցության էական մեծացումը արտահայտվել է նաև ՀՀ գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների թվի աճի տեսքով. մասնավորապես, ըստ Web of science գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների` ազդեցության գործակից ունեցող պարբերականներում ՀՀ գիտնականների հրապարակումների թիվը 2023 թվականի համար կազմել է 1 205, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը` 41%-ով (854) և պատմականորեն գրանցված ամենաբարձր ցուցանիշն է (նախորդ ամենաբարձրը եղել է 2019 թ.՝ 1 021):

Ինչպե՞ս է գիտությունը սպասարկում պետության կարիքները հարցին ի պատասխան ՝ նախարարն ասել է. «Առաջին անգամ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների արդյունքները պետության կարիքների բավարարմանն ուղղելու նպատակով՝ 2024 թվականի ընթացքում ծավալուն աշխատանքներ են տարվել պետական պատվերով գիտական հետազոտություններ իրականացնելու մեխանիզմ ձևավորելու ուղղությամբ։ Ստեղծվել են ՀՀ գերատեսչությունների և գիտական համայնքի ներկայացուցիչներից կազմված ոլորտային 5 աշխատանքային խմբեր: Քննարկումների արդյունքում առանձնացվել են գիտական հետազոտությունների պահանջարկ ունեցող շուրջ 60 թեմաներ, որոնց մրցույթները կիրականացվեն հաջորդ տարի»:

Նախարարն անդրադարձել է նաև հանրակրության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքներին և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հուշարձանների վերականգնմանը, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և վերապատրաստմանը, դպրոցական դասագրքերին, դպրոցներում հեծանիվների բաշխմանը և ոլորտային այլ խնդիրների։

Աղբյուրը՝ escs.am